ԵԽ պատգամավորները կոչ են արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ անօրինական գործողություններից

29 Մայիսի 2024, 00:50

Քաղաքականություն

Եվրախորհրդարանի պատգամավորները դիմել են Հայաստանի իշխանություններին և կոչ արել զերծ մնալ ապօրինի գործողություններից:

«Մենք միանում ենք միջազգային ՀԿ-ների խմբին, այդ թվում՝ «Transparency International»-ին և մտահոգություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետական և Ադրբեջանի Հանրապետությունների միջև սահմանագծման, սահմանազատման մեթոդների և տեմպերի վերաբերյալ, որոնք տեղի են ունենում ՀՀ Տավուշի մարզում:

Ակնհայտ է, որ սահմանագծումն ու սահմանազատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիայի սպառնալիքի ներքո, ինչը խաթարում է գործընթացի օրինականությունը։ Կայուն և տևական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի և ուժի կիրառման սպառնալիքի բացակայության պայմաններում:

Մենք տեղյակ ենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած բողոքի շարժումն արտացոլում է հայ հասարակության տարբեր շերտերի մտահոգությունները գոյաբանական հարցերի վերաբերյալ։

Ուստի կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից, ինչպես նաև ցանկացած այլ քայլից, որը կարող է խոչընդոտել ՀՀ քաղաքացիներին՝ իրացնելու իրենց սահմանադրական իրավունքները։

Հայտարարության տակ ստորագրել են ԵԽ հետևյալ պատգամավորները՝
-Էմանուել Ֆրագկոս (Հունաստան)
-Իլան Դե Բասո (Շվեդիա)
-Չարլի Վայմերս (Շվեդիա)
-Լարս Պատրիկ Բերգ (Գերմանիա)
-Ստելիոս Կիմպուրոպուլոս (Հունաստան)
-Մարիա Սբիրակի (Հունաստան)
-Լուկաս Ֆուրլաս (Կիպրոս)
-Կոստաս Մաուրիտիս (Կիպրոս)