Մուժումբար գյուղի Ս. Հռիփսիմե եկեղեցու անվանակոչության տոնը
06 Հունիսի 2023, 18:00
Երկուշաբթի, 5 յունիսի 2023թ.-ին, Սրբոց Հռիփսիմեանց եւ Գայիանեանց կուսանաց տօների առիթով, Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանի գլխաւոութեամբ մի խումբ ուխտաւորներ մեկնեցին Թաւրիզից 50 կլմ. դէպի հիւսիս-արեւելք, նախկին հայաբնակ Մուժումբար գիւղը: Հայ ֆեդայիների արեամբ օծուն սոյն գիւղը, հայ ժողովրդի պայքարող ոգու խորհրդանիշերից է, որի Ս. Հռիփսիմէ եկեղեցին, իր երկթեք տանիքով, մնայուն վկան է անցեալի հերոսապատումների: Տեղեկացնում է Ատրպատականի ազգային առաջնորդարանը:
Եկեղեցու անւանակոչութեան տօնը նշելու համար, դէպի Մուժումբար Սրբազան Հօրն ընկերակցում էին բարշ. Վարդան սրկ. Տէր-Մարտիրոսեանը եւ բարշ. Սեւան սրկ. Ենովքեանը, ինչպէս նաեւ հաւատացեալների մէկ խումբ, որոնց մէջում էր նաեւ Մուժումբար գիւղի վերջին գիւղապետ՝ Պարսամ Գասպարեանի թոռը եւ Ատրպատականի Թեմական խորհրդի նախկին ատենապետներից՝ Էդիկ Գասպարեանը: Առաւօտեան ժամը 11-ին սկիզբ առաւ Գիշերային ժամերգութիւնը, որին յաջորդեց Առաւօտեան ժամերգութիւնը, նախագահութեամբ Սրբազան Հօր:
Նախապէս հայաբնակ Մուժումբար գիւղը հայաթափւել է անցած դարի կէսերին: Այժմ թուրքերով բնակւած գիւղի նոր բնակիչները յարգանքով են պահպանում հայերից ժառանգ մնացած Ս. Հռիփսիմէ եկեղեցին իրենց գիւղի սրտում: Երկրի Մշակութային ժառանգութիւնների պետական հիմնարկութիւնը եւ Իրանի հայկական եկեղեցիների պետական գրասենեակը եւս յատուկ հոգատարութիւն են ցուցաբերում սոյն հնադարեայ կառոյցի նկատմամբ, որտեղ ամէն տարի սրբոց կուսանաց տօնի առիթով եկեղեցական արարողութիւն է տեղի ունենում:
Ուխտաւոր հաւատացեալները մի քանի ժամ անցկացրին գիւղում, Ռուսդամենց այգում, իրենց հետ բերած կերակրատեսակներն ու քաղցրեղէնները միասնաբար վայելելով, մի բաժակ սուրճի եւ թէյի հետ: