Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք․ FlyOne Armenia
08 Մայիսի 2023, 17:38
Դեռևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հիմնավորմամբ՝ մայիսի 7-ին Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության Դուբայ-Երևան չվերթն իրականացնող օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։ Այս մասին հայտարարություն է տարածել FlyOne Armenia ընկերությունը։
«Սոցիալական ցանցում որոշակի արձագանք է ստացել ս․թ․ մայիսի 7-ին FLYONE ARMENIA ընկերության Երևան-Դուբայ- Երևան չվերթի՝ Շիրազում վայրէջքը կատարելու վերաբերյալ տեղեկությունը։
FLYONE ARMENIA ընկերության ինքնաթիռը ս․թ․ մայիսի 7-ին իրականացրել է Երևան- Դուբայ- Երևան չվերթը։ Դեռևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հիմնավորմամբ՝ Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։ Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վայրէջք կատարել Շիրազի օդանավակայանում՝ մինչև խնդրի պարզաբանումը։
Կանգառի ժամանակ՝ FLYONE ARMENIA ընկերության օդանավի անձնակազմը ուղևորներին ապահովել են սնունդով և արել հնարավորը ապահովելու ուղևորների կապը հարազատների հետ։ Մենք շնորհակալ ենք մեր ուղևորներին՝ համբերատարության ու օդանավի անձնակազմի հետ դրական համագործակցության համար։
Քանի որ FLYONE ARMENIA ավիաընկերությունը դեռևս չի իրականացնում չվերթեր դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, և պայմանավորված ոչ աշխատանքային օրով, չվերթի շարունակության փաստաթղթային աշխատանքներն պահանջել են փոքր ինչ երկար ժամանակ։ Բոլոր թույլտվությունները թարմացնելուց ու ստանալուց հետո՝ օդանավը շարունակել է թռիչքը և վայրէջք է կատարել Դուբայի օդանավակայանում»,- ասվում է հայտարարությունում։