Դպրոցներում ավարտական քննություններն ընթանում են ըստ սահմանված կարգի. ԳԹԿ տնօրեն
07 Հունիսի 2023, 21:00
Արցախում հունիսի 5-ից սկսված են ավարտական 9-րդ, պետական ավարտական 12-րդ և 4-րդ դասարանների գիտելիքների ստուգման քննությունները, որոնք ընթանում են ըստ սահմանված կարգի։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ ԿԳՄՍ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը։
«9-րդ դասարանի ավարտական քննություններից «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաները կենտրոնացված են։ «Հայոց լեզու» առարկայի քննությունն արդեն իսկ անց է կացվել հունիսի 5-ին։ 29 քննական կենտրոնները կահավորված են եղել։ Մայրաքաղաքում եղել է 9 կենտրոն, Մարտունու շրջանում՝ 6, Ասկերանում՝ 4, Մարտակերտում՝ 9, Շահումյանի շրջանում՝ 1։ Քննությունները անց են կացվել ըստ կարգի, լուրջ խախտումներ չեն արձանագրվել։
Այս պահին ընթացքի մեջ է գրավոր աշխատանքների ստուգումը։ Քննության ավարտի հինգերորդ օրը արդյունքները կհրապարակվեն, որի հաջորդ օրն էլ սահմանվում է որպես արդյունքների բողոքարկման օր։ Թեստերը և առաջադրանքների պատասխաններն արդեն հրապարակված են ԿԳՄՍ նախարարության կայքէջում»,-մանրամասնել է Յու. Քարամյանը։
ԳԹԿ տնօրենն իրազեկել է, որ «Մաթեմատիկա» առարկայի կենտրոնացված քննությունը տեղի կունենա հունիսի 12-ին։
«Հունիսի 19-ին անց է կացվելու քննություն «Բնագիտություն» առարկայից, որը աշակերտները կհանձնեն իրենց դպրոցներում։ Գրավոր աշխատանքները ստուգվելու են տվյալ ուսումնական հաստատության ստուգման հանձնաժողովի կողմից, որի կազմի առնվազն 50 տոկոսը պետք է լինի տվյալ առարկայի մասնագետ։
Բացի գրավոր քննություններից, աշակերտները կհանձնեն նաև բանավոր քննություններ «Հայոց պատմություն», «Գրականություն», «Անգլերեն» և «Ռուսաց լեզու» առարկաներից, իսկ «Ֆիզկուլտուրա» առարկայից՝ նորմատիվներ»,-նշել է մեր զրուցակիցը։
Պատասխանատուն հավելել է, որ 12-րդ դասարանների աշակերտները պետական ավարտական քննություններ կհանձնեն «Հայոց լեզու», «Մաթեմատիկա» և «Հայոց պատմություն» առարկաներից։