Ռուբեն Վարդանյանի փաստաբանական թիմը հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի զեկուցողին

14 Հունիսի 2024, 14:10

Քաղաքականություն

Ադրբեջանում կալանավորված քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմը հունիսի 13-ին հրատապ դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին՝ հորդորելով դատապարտել Ադրբեջանի կառավարության կողմից Ռուբեն Վարդանյանի դեմ իրականացվող խոշտանգումներն ու դաժան վերաբերմունքը։

Փաստաբանական թիմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցող Էլիս Էդվարդսին ներկայացրած դիմում-բողոքում Ջարեդ Գենսերը և նրա թիմը շեշտել են Ադրբեջանի կառավարության կողմից խոշտանգումների և դաժան վերաբերմունքի մասին:

«Չափազանց մեծ մտահոգություն է հարուցում այն, որ Ռուբեն Վարդանյանի  ընտանիքը և միջազգային փաստաբանը տեղեկացել են, որ 2024 թվականի ապրիլին հայտարարված հացադուլի ժամանակ Վարդանյանին տեղափոխել են պատժախուց, զրկել են խմելու ջրի հասանելիությունից, քնելու և արտաքին աշխարհի հետ կապի հնարավորությունից։ Տեղեկություն չկա, թե որքան ուժեղ են եղել այդ ամենի արդյունքում նրան հասցված հոգեբանական և ֆիզիկական վնասները։

«Ռուբեն Վարդանյանը հայտնի մարդասեր և բարերար է, որը երկար տարիներ շարունակ պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները: Հատկանշական է, որ Ադրբեջանը նրան դիտարկում է որպես սպառնալիք, նրան փորձում են լռեցնել կամայական կալանքի միջոցով, իսկ վերջին շրջանում էլ՝ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի միջոցով:

Եթե Ադրբեջանը ցանկանում է, որ իրեն լուրջ վերաբերվեն միջազգային հարթակում, և որ COP29-ը դառնա «Խաղաղության COP», ապա պետք է դադարեցնի Վարդանյանի նկատմամբ դաժան վերաբերմունքը և անհապաղ կերպով ազատ արձակի նրան և Լեռնային Ղարաբաղի մյուս քաղբանտարկյալներին», — ասել է Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերը: