ՀՌՀ հեռուստաստուդիայի ղեկավար Արսեն Առաքելյանը մրցանակ է ստացել «Արևի քաղաքը» ֆիլմի համար

23 Հունիսի 2024, 12:30

Հայեր

ՀՌՀ հեռուստաստուդիայի ղեկավար Արսեն Առաքելյանը մրցանակ է ստացել «Արևի քաղաքը ֆիլմի համար, որը նվիրված է Կուրսկի կույրերի գիշերօթիկ երաժշտական քոլեջին:

«Հանուն խաղաղության» մրցանակի կազմկոմիտեն արվեստում բարության համար հայ-ռուսական համալսարանի հեռուստաստուդիայի ղեկավար, դասախոս, ռեժիսոր Արսեն Առաքելյանին պարգևատրել է «Արևի քաղաքը» ֆիլմի համար՝ «Վավերագրական կինո» անվանակարգում:

«Արևի քաղաքը» ֆիլմը նվիրված է այն ուսումնական հաստատությանը, որտեղ ապրում և երաժշտություն են սովորում տեսողական խնդիրներ ունեցող պատանիներն ու աղջիկները՝ թույլ տեսնողից մինչև ամբողջովին կույր: Քոլեջը գտնվում է Կուրսկ քաղաքում (Ռուսաստան):

«Ֆիլմը հեռուստադիտողին ստիպում է վերագնահատել իր վերաբերմունքը այն մարդկանց նկատմամբ, որոնք մթության մեջ պայքարում են արևի տակ իրենց տեղի համար և միևնույն ժամանակ լույս են արձակում։ Նրանք կռվում են առանց խղճահարության վրա հույս դնելու, այլ ընդհակառակը` համարձակ ու համառ։

Քոլեջում սովորում են հետխորհրդային շրջանի գրեթե բոլոր երկրների երեխաները։ Նրանք շատ պայծառ են, բարի և զարմանալի, և նույնիսկ ճակատագրի սարսափելի հարվածը նրանց չար, դաժան չի դարձրել: Տեսախցիկը պարզապես ֆիքսել է տեսողության խնդիրներ ունեցող երեխաների ամենօրյա ուսուցման գործընթացը դասասենյակներում, ստուդիաներում, միջանցքներում և հանդիսությունների սրահում», — պատմել է ռեժիսորը։

Արսեն Առաքելյանի խոսքով՝ հանդիսատեսն ականատես է լինում տարբեր երաժշտական գործիքներ նվագելու, վոկալի, սոլֆեջիոյի, երգչախմբի փորձերի յուրահատուկ պարապմունքների:

«Հանուն խաղաղության» մրցանակը սահմանվել է 2011 թվականին և հանձնվում է ամենամյա համանուն մրցույթի շրջանակներում: Մրցույթի առաքելությունն է ստեղծել ներդաշնակ, առողջ հասարակություն, որտեղ մշակույթն ու արվեստը ծառայում են բարոյականության, արդարության և բարության գաղափարների զարգացմանը, ամրապնդմանը և տարածմանը: