Ակնկալում ենք՝ Երևանը կհստակեցնի իր կարգավիճակը ՀԱՊԿ-ում. գլխավոր քարտուղար

21 Հունիսի 2024, 11:46

Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը պահպանում է բոլոր պարտավորությունները Հայաստանի հանդեպ, երկիրը մնում է կազմակերպության դաշնակիցը։ Այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։

«Հայաստանը եղել է և կա մեր դաշնակիցը ՀԱՊԿ-ում, և Հայաստանի հանդեպ մեր բոլոր պարտավորությունները պահպանվում են։ Իսկ ահա կազմակերպությանն անդամակցելու հարցը երկրի սուվերեն իրավունքն ու որոշումն է», — ասել է նա։

Նրա խոսքով, ՀԱՊԿ-ն ակնկալում է, որ Երևանը կհստակեցնի Հայաստանի կարգավիճակը կազմակերպությունում։

«Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն, այնուամենայնիվ, կպարզաբանի իրավիճակը, և կլինի պաշտոնական որոշում ՝ լինե՞լ կազմակերպության կազմում, թե՞ ոչ»,- ընդգծել է նա։

Տասմագամբետովը նաև ասել է, որ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից հրաժարվելու հարցը պետք է ուղղել Հայաստանին։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի կազմում են Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Հայաստանը։