Երուսաղեմում «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքից հետո Երուսաղեմի հայ համայնքը վախենում է հնարավոր տեղահանությունից
08 Հունիսի 2023, 13:50
Երուսաղեմի Հին քաղաքում՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության էպիկենտրոնում գտնվող «Կովերի պարտեզ» կալվածքի գործարքը խուճապի է մատնել այնտեղի պատմական հայ համայնքին, բնակիչները ուզում են իմանալ, թե արդյո՞ք առեղծվածային ներդրողի պատճառով կորցնելու են իրենց տները: «News.am»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոդված է հրապարակել AP գործակալության հեղինակ Իզաբել Դեբրեն: Հոդվածը վերնագրված է այսպես՝ «Երուսաղեմի Հին քաղաքում նվազող հայ համայնքը վախենում է տեղահանությունից՝ հողի գործարքից հետո»:
Հին քաղաքի հայկական թաղամասի մոտ 25%-ի 99 տարով վարձակալության գործարքը վեճ է առաջացրել, որը տարածվում է Հին քաղաքի պարիսպներից շատ հեռու: Հետևանքները ստիպել են Հայ եկեղեցու բարձրագույն ղեկավարին (նկատի ունի Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին-խմբ) մեկուսանալ և ստիպել շնորհազրկված քահանային, ով, իբր, կանգնած է գործարքի հետևում, փախչել Լոս Անջելեսի արվարձաններից մեկը:
«Եթե նրանք վաճառում են այս վայրը, վաճառում են իմ սիրտը», — ասում է 80-ամյա ֆոտոլրագրող Կարո Նալբանդյանը օսմանյան ժամանակաշրջանի զորանոցի մասին, որտեղ նա հինգ տասնամյակ ապրել է նվազող հայերի համայնքում: Նրանց նախնիները Երուսաղեմ են եկել ավելի քան 1500 տարի առաջ եւ 1915 թվականից հետո, երբ օսմանցի թուրքերը սպանեցին մոտ 1,5 միլիոն հայերի, ինչը լայնորեն համարվում է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:
Վարձակալության վերաբերյալ ահազանգը տարածվեց ապրիլին՝ իսրայելական հողաչափերի անակնկալ այցից հետո։ Լուր տարածվեց, որ ավստրալիա-իսրայելցի ներդրողը, որի ընկերության ցուցանակը հայտնվել է կայքում, ծրագրել է հայկական բնակարանների և խանութների կայանատեղին և կրաքարե ամրոցը վերածել գերշքեղ հյուրանոցի։
Երբ զայրույթը, շփոթությունը և հնարավոր վտարման վախերը սկսեցին աճել, Հայոց պատրիարքարանը՝ համայնքի քաղաքացիական և կրոնական գործերը տնօրինող մարմինը, ստիպված էր ընդունել, որ եկեղեցին ստորագրել է այդ հողատարածքին վերաբերող գործարքը: Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը պնդում է, որ այժմ պաշտոնանկ արված քահանան է կրում ամբողջ պատասխանատվությունը «խարդախ և անօրինական» գործարքի համար, որը պատրիարքի խոսքով տեղի է ունեցել առանց իր լիարժեք իմացության:
Փաստի ընդունումը կրքեր է բորբոքել Հայկական թաղամասում. ակտիվիստները դատապարտել են գործարքը որպես Երուսաղեմում համայնքի երկարամյա ներկայության սպառնալիք: Հորդանանը, որը պատմական կապեր ունի Երուսաղեմի քրիստոնեական վայրերի հետ, հայտնել է, որ անհանգստանում է «սուրբ քաղաքի ապագայի համար»։
Պաղեստինյան պաշտոնյաները մեղադրել են Հայոց պատրիարքին Իսրայելին օգնելու մեջ, քանզի Իսրայելն ու պաղեստինցիները տասնամյակներ շարունակ պայքարում են քաղաքի համար, որը երկու կողմերն էլ համարում են իրենց մայրաքաղաքը: Պաղեստինցիների համար անշարժ գույքի նման կռիվները տասնյակ տարիներ շարունակվող հակամարտության առանցքն են, որը նրանց աչքում խորհրդանշում է Իսրայելի գերնպատակը՝ հեռացնել իրենց Արեւելյան Երուսաղեմի ռազմավարական տարածքներից:
«Պաղեստինի տեսանկյունից սա դավաճանություն է։ Խաղաղության ակտիվիստների տեսանկյունից սա խարխլում է հակամարտության հնարավոր լուծումները, — ասում է Սուրբ Երկրի ազգային քրիստոնեական կոալիցիայի նախագահ Դիմիտրի Դիլիանին:
Որպես կտրուկ քայլ, Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը եւ Հորդանանի թագավոր Աբդալահ Երկրորդը կասեցրել են պատրիարք Մանուկյանի ճանաչումը, որը վերջին տասնամյակը ծառայել է ցմահ համարվող պաշտոնում: Այդպիսով նա այլեւս չի կարող պաղեստինյան տարածքներում եւ Հորդանանում պայմանագրեր ստորագրել, գործարքներ կնքել եւ որոշումներ կայացնել:
Գործարքը համակարգող քահանա Պարետ Երեցյանը կարգալույծ է արվել, զայրացած հայ երիտասարդների ամբոխը հարձակվել է նրա վրա, եւ իսրայելական ոստիկանությունը հեռացրել է նրան՝ նախքան Հարավային Կալիֆորնիայում ապաստան գտնելը: Ըստ բնակիչների՝ Մանուկյանը բարիկադավորվել է հայկական վանքում՝ չցանկանալով կամ չկարողանալով ներկայանալ հանրությանը:
«Այս թաղամասն ինձ համար ամեն ինչ է: Սա միակ տեղն է, որ հայերը հավաքվում են Սուրբ Երկրում: Մենք պետք է պայքարենք դրա համար»,- ասել է համայնքի ղեկավար 22-ամյա Հակոբ Ջերնազյանը:
Այս թաղամասում ապրում են մոտ 2000 հայեր, որոնք ունեն նույն կարգավիճակը, ինչ պաղեստինցիները Իսրայելի կողմից բռնակցված Արևելյան Երուսաղեմում. բնակիչներ, բայց ոչ քաղաքացիներ, փաստորեն քաղաքացիություն չունեցող: Իսրայելը բռնակցել է արևելյան Երուսաղեմը, որտեղ գտնվում է Հին քաղաքը: Այս քայլը միջազգայնորեն չճանաչված էր:
Վերջին մեկ ամսվա ընթացքում, վերջին ուրբաթ օրը, ցուցարարները մարդկային շղթա են կազմել թաղամասի շուրջ և հավաքվել Մանուկյանի պատուհանի տակ՝ գոռալով «դավաճան» և պահանջելով պարզել, թե ով և ինչպես է վարձակալել հողը:
Մինչ Հայոց եկեղեցին հրաժարվել է վաճառքի մասին մանրամասներ հայտնել, Երեցյանը նշել է, որ ներդրողը ավստրալիա-իսրայելցի գործարար Դենի Ռոթմանը է: Երիցյանը նշել է, որ որպես եկեղեցու անշարժ գույքի կառավարիչ, ինքը գործել է պատրիարքի խնդրանքով։
Շատ քիչ տեղեկություններ կան Ռոթմանի մասին, ով նաև օգտագործել է Ռուբինշտեյն ազգանունը, համաձայն 2016 թվականի Կիպրոսի կարգավորող որոշման, որը տուգանել է նրան իր ակադեմիական ծագումը կեղծելու համար:
LinkedIn կայքում նա ներկայացված է որպես «Xana Capital» կոչվող հյուրանոցային ընկերության նախագահ: Արձանագրությունները ցույց են տալիս, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ստեղծված ընկերությունը գրանցվել է Իսրայելում 2021 թվականի հուլիսին: Շաբաթներ անց տասնյակ հայ քահանաներ հնչեցրին առաջին ահազանգը, որ առանց իրենց համաձայնության գույքային գործարք է կնքվել:
Վերջերս ցուցանակ է հայտնվել, որը հայկական ավտոկայանատեղին նշում է որպես «Xana Capital»-ի սեփականություն:
Ռոթմանը, որը բնակվում է Լոնդոնում, հրաժարվել է մեկնաբանություն տալ AP-ին. «Ես երբեք մամուլին հարցազրույց չեմ տալիս: Ես մասնավոր անձնավորություն եմ»,- ասել է նա մինչ հեռախոսը կախելը։
Ինքնաքսորված քահանա Երեցյանն ասել է, որ Ռոթմանը նախատեսում է բարձրակարգ հանգստավայր կառուցել Հայկական թաղամասում։ Նրա խոսքով, նախագիծը, կառավարելու է Դուբայում գտնվող One&Only հյուրանոցային ընկերությունը, որը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Իսրայելի հետ 2020 թվականին: Գործարքը, ըստ երևույթին, ամենահայտնի և վիճահարույցներից մեկն է, որը կնքվել է ԱՄՆ միջնորդությամբ կնքված «Աբրահամի համաձայնագրեր» կոչված պայմանագրերի հիման վրա:
Իսրայելի ԱԳՆ-ն հրաժարվել է մեկնաբանել՝ վկայակոչելով քաղաքական առումով զգայուն հարց լինելու հանգամանքը:
«One&Only Resorts»-ի սեփականատեր «Kerzner International»-ը նույնպես հրաժարվել է մեկնաբանությունից: Դուբայում գրանցված այս ընկերությունից ասել են միայն, որ «միշտ հնարավորություններ են փնտրում գերշքեղ հյուրանոցների իրենց պորտֆոլիոն մեծացնելու համար»:
Հայտնի իսրայելցի ճարտարապետ Մոշե Սաֆդին պատմեց AP-ին, որ նախագիծը ֆինանսավորելու է Ռոթմանը, իսկ ինքը հանդես կգա որպես նախագծող: Նրա խոսքով, շինարարությունը կսկսվի ավտոկայանատեղիում հողային աշխատանքներից հետո: Անհասկանալի է, թե արդյոք բնակիչները կվտարվեն, սակայն պատրիարքարանը խոստացել է օգնել բոլոր տեղահանված բնակիչներին:
Այս սագան արտացոլում է քաղաքականության եւ անշարժ գույքի պայքարը, որից դարեր շարունակ տառապել է Սուրբ Երկիրը:
Իսրայելի եւ արտերկրի հրեա ներդրողները երկար ժամանակ փորձում են անշարժ գույք գնել Արեւելյան Երուսաղեմում: Հայկական թաղամասը ցանկալի վայր է, քանի որ հարում է Հրեական թաղամասին եւ Արեւմտյան պատին՝ հրեաների ամենասուրբ աղոթավայրին:
Նրանց նպատակն է ընդլայնել հրեական ներկայությունը Արեւելյան Երուսաղեմում, ամրապնդել իսրայելական վերահսկողությունը քաղաքի այն հատվածի վրա, որը պաղեստինցիները համարում են իրենց մայրաքաղաքը:
Հրեա վերաբնակիչներին հողի վաճառքի հետ կապված սկանդալներում նախկինում ներքաշված է եղել Հույն ուղղափառ եկեղեցին, որը տարածաշրջանի բազում քրիստոնեական վայրերի խնամակալն է:
Երկու տասնամյակ առաջ Հունական եկեղեցին վաճառեց Հին քաղաքում պաղեստինյան երկու հյուրանոցները օտարերկրյա ընկերություններին, որոնց հետեւում հրեա վերաբնակիչների մի խումբ էր: Գաղտնի գործարքները հանգեցրին հույն պատրիարքի տապալմանը եւ մեծ միջազգային աղմուկ բարձրացրին։
Երեցյանը, որը Կալիֆորնիայում է, հերքել է իսրայելցի վերաբնակիչների կողմից Հայկական թաղամասին տիրանալու մտավախությունները որպես «քարոզչություն»՝ հիմնված բացառապես Ռոթմանի հրեական ինքնության վրա:
«Այդ վայրը հրեականացնելու մտադրություն երբեք չի եղել,- ասել է նա՝ նշելով, որ Ռոթմանը քաղաքական օրակարգ չունի: Նա պնդել է, որ Հայոց պատրիարքը լիարժեքորեն մասնակցել է երկարատեւ բանակցություններին եւ անձամբ ստորագրել է պայմանագիրը։
«Ես բարեխղճորեն կատարել եմ իմ գործը՝ պատրիարքարանի լավագույն շահերից ելնելով», — ասոել է նա՝ հրաժարվելով այլ մանրամասներ ներկայացնել վարձակալության մասին, որի ժամկետը լրանում է մեկ դար անց:
Պատրիարքարանը հրաժարվել է պատասխանել, թե ինչ է անելու գործարքից ստացված գումարի հետ:
Մինչդեռ Երուսաղեմի հայերը, որոնք երկար ժամանակ կառավարվել են օտար տերությունների կողմից, տեղահանվել են պատերազմների պատճառով եւ հիմա ճզմված են իսրայելցիների ու պաղեստինցիների միջեւ, սոսկում են ապագայից:
«Մեր հողերը արյունով ու քրտինքով են ձեռք բերվել՝ թիզ առ թիզ: Մի ստորագրությամբ դրանք հանձնվեցին»,- ասում է 26-ամյա բնակիչ Սեդրակ Բալյանը: