Լիբանանում իրավիճակը շատ մտահոգիչ է․ Շահան Քանդահարյան

27 Հունիսի 2024, 22:30

Քաղաքականություն

Իսրայելը որոշակի առումով խախտում է պատերազմի կանոնները։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը։

«Այս պահին Լիբանանի հարավում ռազմական բախումները շարունակվում են։ Իսրայելը որոշակի առումով խախտում է նաև պատերազմի կանոնները։ Նրանք բացի հարավային հատվածից հարվածում են նաև բեյրության հարավային արվարձաններում տեղակայված հենակետերին։ Երեկ այդ ուղղությամբ հարձակում է տեղի ունեցել, կան բազմաթիվ տուժածներ, վիրավորներ։ Մթնոլորտը շատ մտահոգիչ է, նույնիսկ ահազանգային, քանի որ կողմերը բարձրացրել են սպառնալիքների մակարդակը։

Այս ամենը սկսվեց, երբ հրապարակվեց իսրայելյան տարածքների զգայուն կետերի ընդհանուր քարտեզը, որին շատ մեծ ռազմատենչությամբ հակադարձեց Իսրայելը՝ նշելով, որ նախապատրաստվում են լայնածավալ հարձակման՝ հատելով բոլոր սահմանները։ Դրան հետևեցին բազմաթիվ հայտարարություններ՝ հատկապես ԱՄՆ-ից, քանի որ այդ օրերին նաև Իսրայելի պաշտպանության նախարարի այցն էր Վաշինգտոն, որտեղից հնչեցին հակասական հայտարարություններ։ Հայտարարվեց, որ Միացյալ նահանգները օժանդակելու է Իսրայելին՝ իրենց ռազմավարական գործընկերոջը, սակայն դրան հակադարձեց Իրանը՝ նշելով, որ չեն կարող անտարբեր մնալ, եթե նման ռազմական գործողությունների դիմի Իսրայելը»,- նշել է Քանդահարյանը։

Անդրադառնալով Լիբանանում ապրող հայերին և հայկական համայնքին՝ Քանդահարյանը ընդգծել է․

«Հայ համայնքը թիրախ չէ։ Հարավային հատվածում հայ համայնք չկա՝ չնայած չի բացառվում, որ հայ անհատներ աշխատանքի բերումով գնում-գալիս են։ Բայց եթե այնպես ստացվի, որ պատերազմական գործողությունները տարածվեն, և Իսրայելը թիրախ ընտրի Լիբանանի տարբեր շրջաններ, բնականաբար, լիբանանահայությունը մաս է կազմում և հետևանքներ կկրի։ Խնդիրն այն է, որ Լիբանանն այս պահին նաև քաղաքական անորոշության մեջ է։ Երկրում նախագահ չկա և նույնիսկ թեկնածուներ չկան, կառավարությունը հրաժարական է տվել և պարզապես վարում են ընթացիկ աշխատանքներ»։