Արցախում հայկական պատմամշակութային ժառանգությունն ավիրվում է, ՄԱԿ-ը պետք է ապահովի իր որոշումը. ակցիա
09 Հուլիսի 2024, 14:08
Մի խումբ արցախցիներ այսօր Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առաջ ակցիա իրականացրեցին՝ ահազանգելով միջազգային կազմակերպությանը Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում տեղի ունեցող հոգևոր և մշակութային ժառանգության ոչնչացման մասին:
«Այդ ժառանգությունը ամենօրյա ռեժիմով պղծվում, ավիրվում և ներկայացվում է որպես այլ մշակույթի կրող: Մենք պահանջում ենք, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի վճիռն ապահովվի»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց ակցիան նախաձեռնած Արցախից բռնի տեղահանված Արմինե Ավագիմյանը:
Դեկտեմբերի 7-ի որոշմամբ, միջազգային դատարանը, Ադրբեջանին պարտավորեցրել էր «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»:
Արցախցիները պահանջում էին նաև միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի վճռի ապահովումը: ՄԱԿ-ի դատարանն այդ որոշմամբ Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել այն մարդկանց վերադարձը, որոնք սեպտեմբերի 19-ից հետո դուրս են եկել Արցախից, եթե նրանք ունեն այդ ցանկությունը:
Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց այսօր հավաքված արցախցիները բարձրաձայնեցին նաև Արցախ վերադառնալու իրենց իրավունքի մասին՝ ընդգծելով, որ դա պետք է տեղի ունենա անվտանգային և իրավական հստակ երաշխիքների կիրառմամբ:
«Արցախցիների հավաքական վերադարձի հիմնական շեշտադրումն այն է, որ Արցախի տարածքը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերին և այնտեղ ռասսայական կամ ազգային խտրականություն չդրվի: Պետք է նաև Բերձորի միջանցքը անցնի ՄԱԿ-ի վերահսկողության տակ: Իրավական ու անվտանգային հստակ մեխանիզմների առկայության դեպքում մենք հնարավոր ենք համարում Արցախ վերադարձը»,- ասաց Արմինե Ավագիմյանը:
Արցախցիները ՄԱԿ-ին ուղղված իրենց պահանջները գրավոր տարբերակով ներկայացրեցին միջազգային կառույցի հայաստանյան գրասենյակ: Կառույցից տեղեկացրել են, որ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը պատրաստ է ընդունել իրենց, բայց ոչ այսօր, քանի որ երկրում չէ: Արցախցիներին կընդունի, երբ վերադառնա:
Մանրամասները՝ տեսանյութում: