Պուտինի դեմ մահափորձը պատրաստվել է ԱՄՆ փողերով. Զախարովա

14 Հուլիսի 2024, 14:23

Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձը, որի մասին խոսել է Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչության պետ Կիրիլ Բուդանովը, նախապատրաստվել է ԱՄՆ փողերով։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ Բուդանովը հայտնել էր, որ ուկրաինական հատուկ ծառայություններն անհաջող մահափորձ են կատարել Պուտինի դեմ։ Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բուդանովի հայտարարությունը, նշել է, որ ՌԴ նախագահի անվտանգությունն ապահովված է պատշաճ մակարդակով։

Նրա խոսքով, Կիևի ռեժիմի բոլոր սպառնալիքներն ակնհայտ են։

«Երեկ Կիևի ռեժիմի ղեկավարներից մեկը՝ Բուդանովը, բացահայտ խոստովանեց, որ ուկրաինական հետախուզությունը մահափորձ էր նախապատրաստում Ռուսաստանի նախագահի դեմ։ Այսպիսով, այս մահափորձը պատրաստվել է կրկին ամերիկյան փողերով, առանց որոնց չէր լինի հետախուզության գլխավոր վարչության, Ուկրաինայի անվտանգության ծառայության և ընդհանուր առմամբ Բանկովայի վնասակար գործունեությունը»,- գրել է Զախարովան։

Բացի այդ, մեկնաբանելով Ռոբերտ Քենեդի կրտսերի որդու՝ Բոբի Քենեդու հայտարարությունը նախագահի թեկնածուին պաշտպանելու ամերիկյան հետախուզական ծառայությունների անկարողության մասին, Զախարովան ԱՄՆ-ին առաջարկել է Ուկրաինայի զինված ուժերի ֆինանսավորման փոխարեն միջոցներն ուղղել սեփական ոստիկանությանը և այլ ծառայություններին, որոնք պետք է ապահովեն օրենքն ու կարգը:
Նա ընդգծել է, որ ֆինանսավորմամբ և Ուկրաինային զենքի անվերահսկելի մատակարարմամբ ԱՄՆ-ն ինքն է ստեղծել «Կիևի ռեժիմ» ահաբեկչական կառույցը:

«Սա սպանությունների, պայթյունների, ավերածությունների, ահաբեկչությունների մեքենա է ինչպես քաղաքական դեմքերի, այնպես էլ քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Միայն «Խաղաղարար» կայքը, որը հովանավորվում է ամերիկացիների կողմից, բառացիորեն լրագրողների և հասարակական գործիչների լիկվիդացման հարթակ է։
ԱՄՆ — ը պետք է գույքագրի իր քաղաքականությունն՝ ուղղված քաղաքական ընդդիմախոսների, երկրների և ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանելուն, ահաբեկչությունը հովանավորելուն։ Զանգն արդեն հնչում է Վաշինգտոնում»,- եզրափակել է Զախարովան։

Նշենք նաև, որ հուլիսի 13-ին ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հանրահավաքը ընդհատվել էր կրակոցների պատճառով։ Նրա նկատմամբ մահափորձ է կատարվել։ Թրամփը ողջ է, գնդակը դիպել է նրա ականջին: