«Գորկի ֆեսթ» փառատոնում ներկայացվել են հայ ռեժիսորների աշխատանքները

17 Հուլիսի 2024, 14:56

Մշակույթ

Ռուսական կինոյի «Գորկի ֆեստ» 8-րդ փառատոնի շրջանակներում հուլիսի 15-ին տեղի է ունեցել հեքիաթների էկրանավորման նախագծերի շնորհանդեսը: Ընդհանուր առմամբ, ստուգատեսի հյուրերին ներկայացվել է 17 ապագա ֆիլմ։

Ներկայացված առաջին նախագիծը «Բաբա Յագան փրկում է Նոր տարին» (ռեժիսորներ Կարեն Զախարով և Արմեն Անանիկյան) ընտանեկան ֆանտեզին էր՝ «Fresh Film» կինոընկերությունից, որը 2023 թվականի ֆիլմի շարունակությունն է։ Նկարահանումները պետք է ավարտվեն հուլիսի վերջին, իսկ արդեն դեկտեմբերի 26-ին ֆիլմը կհայտնվի էկրաններին։

Ցուցադրվել է նաև ռեժիսոր Կարեն Հովհաննիսյանի «Պողպատե սիրտը» ֆիլմի թրեյլերը, որը պաշտոնապես կներկայացվի ամսվա վերջին, իսկ վարձույթում կհայտնվի 2025 թվականի մայիսի 22-ին։

Փառատոնի շրջանակում պրոդյուսեր Ղևոնդ Անդրեասյանը ներկայացրել է միանգամից երկու նախագիծ, որոնցից մեկի նկարահանումներն ավարտվել են,իսկ ֆիլմը էկրաններին կբարձրանա դեկտեմբերի 19-ին։

Անդրեասյան եղբայրների հաջորդ նախագիծը՝ «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» նկարահանվելու է երեք փուլով: Նկարահանումներ կլինեն նաև Սևանա լճում: