Եվրախորհրդարանի պատգամավորը վստահ է՝ ԵՄ նորանշանակ բարձրաստիճան ներկայացուցիչը չի համագործակցի Բաքվի հետ

26 Հուլիսի 2024, 21:45

Քաղաքականություն

Չեխիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Մարկետա Գրեգորովան Alpha News-ին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ ԵՄ նորանշանակ բարձր ներկայացուցիչը չի համագործակցի Ադրբեջանի հետ։

«Ինչ վերաբերում է տարբեր երկրների հետ անվտանգության և առևտրի հարցերում խոստումներին, ես շատ հիասթափված էի այն ծրագրերից, որոնք նախանշված էին Եվրախորհրդարանում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի ելույթում», — ասել է նա։

Պատգամավորի խոսքով՝ «խնդիրները վերաբերում են ոչ միայն Ռուսաստանին ու Ուկրաինային, դրանք կան նաև այլ երկրներում»։

«Եվ նա ընդհանրապես չհիշատակեց Չինաստանը, չնայած այն հանգամանքին, որ մենք, ինչպես և Միացյալ Նահանգները, «առևտրային պատերազմ» ենք վարում Չինաստանի հետ։ Բայց դա վերաբերում է նաև անվտանգության խնդրին, քանի որ Չինաստանի շնորհիվ Ռուսաստանի ռազմական տնտեսությունը պահպանվում է: Ֆոն դեր Լայենը բացարձակ խոստումներ տվեց, բայց այդպես էլ չկատարեց: Սակայն խոսքը միայն նրա մասին չէ, դրա մեծ մասն ավելի վաղ արվել է ԵՄ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Բորելի կողմից:

Հիմա նրան կփոխարինի Կայա Կալլասը, իսկ նա շատ ավելի մարտական է տրամադրված Ռուսաստանի և այն երկրների հանդեպ, որոնց հետ մենք համագործակցում ենք, ուստի դա վերաբերում է նաև ադրբեջանական գազի և նավթի խնդրին։ Կարծում եմ, եթե որևէ մեկը կարող է մատնանշել նախորդ հանձնաժողովի կեղծավորությունը, ապա դա կարող է անել հենց Կալլասը։ Թեև ես հիասթափված եմ ֆոն դեր Լայենից, բայց մեծ հույսեր եմ կապում այս հանձնաժողովի հետ, քանի որ պատասխանատուն լինելու է Կալլասը»,- նշել է պատգամավորը։