Մարդկանց տեղաշարժի անհնարինությունն ամենամեծ խնդիրն է. Մեծ Շենի գյուղապետ

11 Հունիսի 2023, 16:15

Կարծիք

Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղի բնակիչները շուրջ երկու ամիս է՝ տեղաշարժվել գրեթե չեն կարողանում, սնունդ, դեղորայք ու առաջին անհրաժեշտության այլ պարագաներ էլ ստանում են բացառապես խաղաղապահների միջնորդությամբ՝ ժամանակ առ ժամանակ։ Գյուղապետ Դավիթ Դավիդյանն ամենամեծ խնդիրը հենց տեղաշարժի անհնարինությունն է համարում։

«Լուրջ խնդիր է այն, որ մարդիկ չեն կարողանում բժշկի գնալ, իրենց հարազատի մահվան դեպքում գնալ հասնել, էլ չեմ ասում, որ ուրախության արարողություններին անգամ էստեղից Ստեփանակերտ գնալ չեն կարողանում։ Դժվար է․․․ Մի քանի դեպք է եղել, որ Արցախի իշխանությունների ջանքերով, խաղաղապահների միջնորդությամբ մի կերպ կարողացել ենք կազմակերպել, որ մարդիկ իրենց հարազատների հուղարկավորությանը գոնե ներկա լինեն․․․Որ գոնե երկկողմանի չլինել շրջափակումը, Արցախի հետ կապը լիներ, էլի ոչինչ, բայց որ ամբողջութամբ կտրված ենք թե՛ Արցախից, թե՛ Հայաստանից, դա է ամենաշատը մտահոգում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Մեծ Շենի գյուղապետը։

Սննդի ու դեղորայքի առումով, գյուղապետի խոսքով, բնակիչները շատ չեն նեղվում։ Որոշ բաներ գոյանում է հողից, ինչն էլ, որ տեղում չկա, խաղաղապահնեի միջնորդությամբ հասցվում է։

«Մի 2-3 օր առաջ սննդամթերք ու դեղորայք են բերել։ Մոտ մեկ ամիս կհերիքի դա, կարծում եմ։ Մարդիկ էլ իրենց տնամերձերը մշակել են։ Ճիշտ է, ջրի խնդիր կա՝ հատկապես ամառվա ամիսների երաշտ է լինում, բայց էլի ինչ-որ չափով բերք կլինի։ Սերմացուի առումով էլ շատ չենք խեղճացել, քանի որ աշնանը գարնան համար սերմացու էինք պահեստավորել։ Սովորաբար այդպես ենք անում»,-ասում է Դավիդյանն ու հավելում՝ գյուղում հացահատիկի դաշտեր չկան, քանի որ տեղանքը լեռնային է, բայց բանջարաբոստանային մշակաբույսեր ցանում են մարդիկ հենց իրենց տնամերձ հողատարածքներում։

Մեծ Շենում մեղվաբուծությունն է համեմատաբար զարգացած։ Տարին, սակայն, գյուղապետի խոսքով, բարենպաստ չէր նաև մեղվաբուծության համար։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ապօրինաբար անցակետ տեղադրելով Լաչինի միջանցքում՝ Ադրբեջանը կրկնակի շրջափակման մեջ է առել Շուշիի շրջանի չորս համայնք՝ Մեծ Շենը, Հին Շենը, Եղցահողը և Լիսագորը։