ԵՄ-ն շահագրգռված է Հարավային Կովկասի տարածաշրջանում իր ազդեցության մեծացմամբ. Արտյոմ Սոկոլով
01 Օգոստոսի 2024, 21:30
Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի գիտաշխատող Արտյոմ Սոկոլովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչով է պայմանավորված Եվրամիության նման հետաքրքրությունը Հայաստանի և, ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի նկատմամբ:
Փորձագետի կարծիքով, ԵՄ-ի հետաքրքրությունն այն է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնի տարբեր ուղիներով:
«Հարավային Կովկասի նկատմամբ Եվրամիության հետաքրքրությունը երեկ չի սկսվել, այդ գործընթացը զարգացել է դեռևս 90-ականների վերջից: Հարավային Կովկասի տարածաշրջանում իր ազդեցությունը տարբեր ուղղություններով մեծացնելու հետաքրքրությունը պայմանավորված է տնտեսական, քաղաքական և անվտանգության գործոններով: Սա բավական լայն պատմություն է, որն ունի երկարաժամկետ հետևանքներ, խորը արմատներ։ Պետք է հասկանալ, որ եվրոպացիների հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ պայմանավորված է Եվրոպական ինտեգրման գործընթացով, այսինքն՝ Եվրոպական Միությունը 20-րդ դարի երկրորդ կեսի, 21-րդ դարի սկզբի ընթացքում շարունակել է ընդլայնվել։ Այժմ Եվրամիությունը բախվում է ճգնաժամային երևույթների, որոնք կապված են այն բանի հետ, թե ուր գնալ, այսինքն՝ ավելի ընդլայնել կամ խորացնել իր կազմի մեջ մտնող պետությունների միջև փոխգործակցության այդ մակարդակը։
Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Արևմուտքի առճակատման քաղաքականության հարցն ազդում է Ռուսաստանի ամբողջ աշխարհագրական միջավայրի վրա: Եվ, իհարկե, Հարավային Կովկասն այստեղ բառիս բուն իմաստով թեժ կետերից մեկն է», — ասել է Սոկոլովը:
Փորձագետի խոսքով՝ Եվրոպական ինտեգրման «քաղցրաբլիթը» մի շարք պատճառներով այժմ այնքան գրավիչ տեսք չունի, որքան 90-ականներին էր։
«Արևմտյան դիվանագետների, այդ թվում և ԵՄ-ի հռետորական հմտությունները միշտ աչքի են ընկել ինչ-որ ուժով՝ գեղեցիկ ապագայի պատկերի խոստման տեսանկյունից։ Եվ մինչև որոշակի կետ, դա նույնիսկ բավականին հստակ ներկայացված էր գործնականում: Բայց այս պահին իրավիճակն, իհարկե, այլ է։ Եվրոպական ինտեգրման «քաղցրաբլիթը», մի շարք պատճառներով, հիմա նման չէ 90-ականներին, Եվրամիությունն այլևս այն չէ և այն առաջարկները, որոնք նա տալիս է այն երկրներին, որոնք դիտարկվում են որպես անդամակցության թեկնածուներ, դրանք ամեն դեպքում արդեն այլ են»,- ասել է նա։
Փորձագետը նաև պատասխանել է այն հարցին, թե ինչու նույնիսկ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրած երկրների ապրանքները, օրինակ՝ Վրաստանը, չկարողացան ամրապնդվել եվրոպական շուկայում։
«Եվրոպական շուկան այն շուկան է, որն արդեն բավական վաղուց է ձևավորվել, և այն չափազանց նյարդային և դժկամությամբ է ընդունում նոր խաղացողներին։ Դա հիանալի երևում է ԵՄ այն պետություններում, որոնք մտել են ավելի ուշ, Արևելյան Եվրոպայի երկրներում, որոնց նույնպես խոստացվել են եվրոպական շուկա մուտք գործելու մեծ առավելություններ», — նշել է Սոկոլովը։
Նա միաժամանակ հավելել է․ «Եվրոպացի քաղաքական գործիչներն իրենք են ընդունում, որ կոնկրետ Հարավային Կովկասում և ընդհանրապես հետխորհրդային տարածքում, բացառությամբ թերևս Ուկրաինայի, այն էլ՝ մեծ վերապահումներով, նրանք չունեն որևէ հատուկ խաղաքարտ, հատուկ հաղթաթուղթ, որով կարող էին մտնել տարածաշրջան և լինել այն ուժը, որը համարժեք կլիներ Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Չինաստանին։ Այստեղ հաշվարկը, եթե նայենք եվրոպական պետությունների փաստաթղթերին, հիմնված է այն բանի վրա, որ Եվրամիությունը ապահովում է ինչ-որ երրորդ կամ չորրորդ ուժ խոշոր խաղացողների միջև, որի օգտին կարելի է ընտրություն կատարել, որը կարող է ֆինանսապես կամ լրացուցիչ արտոնություններով աջակցել այդ ընտրությանը, բայց ընդհանուր առմամբ չի կարող հանդես գալ որպես լիարժեք այլընտրանք։
Իսկապես, եվրոպական խոշոր երկրների տնտեսություններում իրավիճակը շարունակում է բավական լարված մնալ։ Ոչ այնքան վաղուց հայտնվել է հաղորդագրություն այն մասին, որ գերմանական տնտեսությունը անսպասելիորեն երկրորդ եռամսյակում ցույց է տվել բացասական աճ: Այն կրճատվել է, թեկուզ 0,1 տոկոսով, բայց, այնուամենայնիվ, կրճատվել է՝ հակառակ կանխատեսումների, երբ ասում էին, որ փոքր աճ է լինելու։ Ճգնաժամային երևույթներն այնտեղ կրում են կառուցվածքային բնույթ»։
Alpha News-ը փորձագետի հետ հարցազրույցի ընթացքում քննարկել է նաև Եվրախորհրդարանի վերջին ընտրությունները, Եվրամիության տնտեսական իրավիճակը, Գերմանիայի դիրքորոշումը կովկասյան տարածաշրջանի և Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ: