Հայաստանը կմասնակցի «Օստրովսկի-FEST» միջազգային թատերական փառատոնին

07 Օգոստոսի 2024, 09:15

Մշակույթ

Կինեշմայում (ՌԴ) օգոստոսի 20-25-ը կանցկացվի «Օստրովսկի-FEST» միջազգային թատերական փառատոնը, որին կմասնակցեն թատրոններ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Ֆրանսիայից և Սերբիայից: Ընդհանուր առմամբ կցուցադրվի 24 ներկայացում։

Փառատոնի շրջանակներում Կինեշմայի Ա. Ն. Օստրովսկիի անվան դրամատիկական թատրոնում «ԱՐՄՄՈՆՈ» փառատոն-թատրոնը կներկայացնի «Ճանապարհորդություն դեպի Արզրում» մոնոներկայացումը:

«Ճանապարհորդություն դեպի Արզրում» մոնոներկայացումը բեմադրվել է Ա. Ս. Պուշկինի՝ հանրությանը քիչ հայտնի ճամփորդական գրառումների հիման վրա։ Ստեղծագործությունը պատմում է ռուս-թուրքական պատերազմի (1828-29) ժամանակ Թուրքիայի արևելքում գտնվող Կովկաս, Հայաստան և Արզրում (ժամանակակից Էրզրում) բանաստեղծի ճանապարհորդությունների մասին: Ցարական իշխանությունները երբեք թույլ չեն տվել Պուշկինին մեկնել արտերկիր, և նրան թույլատրվել է ճանապարհորդել միայն Թիֆլիս (Թբիլիսի)՝ Վրաստանի մայրաքաղաք։