Ախալքալաքցի Գոռ Ղազարյանը հաղթել է թուրք մրցակցին` դառնալով բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն
13 Օգոստոսի 2024, 15:05
Դպրոցական բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունում ախալքալաքցի մարզիկ Գոռ Ղազարյանը (66 կգ) ոսկե մեդալ է նվաճել՝ եզրափակիչում հաղթելով թուրք մրցակցին։
Jnews.ge-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 12-ի գիշերը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում չեմպիոնին, մրցանակակիրներին և առաջնության մյուս մասնակիցներին հանդիսավոր կերպով դիմավորեցին մարզիչները, Վրաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները և պարզապես մարզիկների երկրպագուներն ու ծանոթները։
Օգոստոսի 1-ից 11-ը Բոսնիա և Հերցեգովինայում տեղի ունեցավ բռնցքամարտի Եվրոպայի դպրոցականների և աշակերտուհիների առաջնությունը։ Առաջնությունում Վրաստանի հավաքականը նվաճել է 9 մեդալ։ Մեդալներ նվաճած մարզիկների թվում են եղել 5 աշակերտուհի և 4 աշակերտ։ Վրաստանի բռնցքամարտիկները նվաճել են 6 բրոնզե, 2 արծաթե և 1 ոսկե մեդալ։
Վրաստանի հավաքականին միակ ոսկե մեդալը բերել է ախալքալաքցի երիտասարդ մարզիկ Գոռ Ղազարյանը՝ դպրոցականների մինչև 66 կգ քաշային կարգում։ Եզրափակչում նա հաղթել է թուրք մարզիկ Հաքան Չան Կարակոչին, իսկ մինչ այդ ախալքալաքցի մարզիկը հաղթել էր ՌԴ-ից Նոնիկ Պողոսյանին, մոլդովացի բռնցքամարտիկ Պավել Ռադուքանին և հայաստանցի Նարեկ Կիրակոսյանին։