Եռակողմ պայմանավորվածությունները կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են․ Մարիա Զախարովա

28 Օգոստոսի 2024, 20:05

Քաղաքականություն

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները կասկածի տակ դնելու փորձերը խիստ վտանգավոր են, քանի որ դրանք հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով՝ ՌԴ-ում կարծում են, որ եռակողմ պայմանավորվածություններին այլընտրանք այս պահին չկա, և դա չեն հերքում նաև Հայաստանում:

«Պայմանավորվածություններն ընդգրկում են Բաքվի և Երևանի միջև կարգավորման բոլոր առանցքային ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի մշակումը, սահմանների դելիմիտացիան, սահմանազատումը, տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, քաղաքացիական հասարակության գծով շփումների զարգացումը։ Դրանք կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են, կարող են կողմերի փոխադարձ պարտավորությունների վակուում ստեղծել երկկողմ հարաբերությունների շարունակական չկարգավորված լինելու պայմաններում», -նշել է դիվանագետը։

Նա նաև հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են կառուցողական երկխոսությունը շարունակելու մտադրությունը։

«Ի դեպ, մենք ավելի վաղ նշել էինք, որ հայ-ադրբեջանական կարգավորումը առարկայական քննարկվել է օգոստոսի 18-19-ին Ռուսաստանի նախագահի Ադրբեջան կատարած պետական այցի շրջանակներում: Դրան անդրադարձ է կատարվել նաև օգոստոսի 23-ին ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ընթացքում: Ի դեպ, Երևանի իշխանություններից, պաշտոնական իշխանություններից կարող եք ճշտել՝ այս բանակցությունների ընթացքում հայկական կողմը պաշտոնապես տեղեկացրե՞լ է, որ եռակողմ համաձայնագրերն այլևս վավերական չեն համարում։ Ինձ այդ մասին ոչինչ հայտնի չէ։ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները հաստատել են կառուցողական երկխոսությունը շարունակելու իրենց հանձնառությունը։

Ռուսաստանի նախագահն իր հերթին ընդգծել է մեր կողմի պատրաստակամությունը , որ այսուհետ ևս անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել գործընկերներին կարգավորման գործընթացի բոլոր ուղղություններով՝ 2020-2022 թթ-ին ձեռք բերված բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածության հիման վրա»,- ասել է նա։

Հիմա եթերում