Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Թովմա առաքյալի հիշատակության օրը

31 Օգոստոսի 2024, 16:40

Մշակույթ

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Թովմա առաքյալի հիշատակության օրը։ Այս մասին տեղեկանում ենք qahana.am-ից։

Ս. Թովմա առաքյալը, ում Երկվորյակ էին անվանում, հայտնի է Ավետարանի այն դրվագից, երբ մյուս առաքյալներն ասում էին, թե տեսել են հարուցյալ Քրիստոսին, Թովման պնդում էր, թե կհավատա միայն այն ժամանակ, երբ իր աչքերով տեսնի և իր ձեռքը մխրճի Հիսուսի խոցված կողի մեջ: Թերահավատ առաքյալին հաջորդ շաբաթ, Վերնատան մեջ, հայտնվում է Հիսուսը: Թովման, հավատալով կատարված հրաշքին, ծունկի է գալիս և խոստովանում. «Տե’ր իմ և Աստված իմ» (Հովհ. 20: 28):

Երբ մյուս առաքյալները վարանում են Քրիստոսի հետ գնալ մահացած Ղազարոսին տեսնելու, քանի որ քարկոծվելու մեծ վտանգ կար, Թովման համարձակորեն ասում է. «Եկե’ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք» (Հովհ. 11:16):

Ըստ ավանդության՝ Թովման քարոզել է Աստծո խոսքը Պարթևաստանում և Հնդկաստանում, նետահարվելով նահատակվել ու թաղվել է Մադրաս քաղաքում: