Ոսկեպարցիներին պատկանող 7 կով է ականի վրա պայթել Ներքին Ոսկեպարի վիճելի տարածքում

03 Սեպտեմբերի 2024, 12:50

Քաղաքականություն

Alpha News-ի տեղեկություններով, օգոստոսի 31-ի երեկոյան, Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի հարևանությամբ գտնվող Ներքին Ոսկեպար գյուղի հատվածում ոսկեպարցի 3 ընտանիքի պատկանող 8 խոշոր եղջերավոր անասուն պայթել է ականի վրա, նրանցից միայն 2-ի լեշն է հաջողվել դուրս բերել: Ոսկեպար գյուղի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, հստակեցնելով, որ ականի վրա 7 կով է պայթել, որոնցից 4-ի լեշն է դուրս բերվել և որոնց միսն այլևս պիտանի չէ:

Թե ինչ պայմաններում են կովերն անցել այդ հատված և պայթել ականի վրա, Իշխան Աղբալյանը չցանկացավ մանրամասներ հայտնել:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել վիճելի տարածքում, այսպես կոչված՝ եռանկյունի հատվածում, որն ըստ խոսակցությունների՝ պետք է փոխարինվի Բերքաբերի այն հողերի հետ, որոնք 90-ականներից գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո:

Alpha News-ի զրուցակիցը, որը ցանկացավ անանուն մնալ, մեզ պատմեց, որ այդ վիճելի հատվածը առայժմ չի անցել սահմանազատման և սահմանագծման գործընթացը և այն գտնվում է հայկական զինված ուժերի վերահսկողության տակ: Նրա խոսքով՝ այդ հատվածում անգամ սյուն ու փշալար չկա, մինչդեռ ըստ նրա՝ Փաշինյանն ասել էր, որ այդ տարածքում էլ վաղուց պետք է փշալար անցկացվեր:

Հիշեցնենք՝ հունիսի 16-ին, Սյունիքի մարզ այցելության ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում Ճակատեն գյուղի բնակիչները դժգոհել էին, որ իրենց անասունները գնում են արտովայրեր ու հետ չեն գալիս, ինչին ի պատասխան Փաշինյանը հեռախոսով ցույց էր տվել Ոսկեպարում արված փշալարի ցանկապատից մի նկար և հավաստիացրել՝ բացառված է, որ փշալարի վրայով անասուն անցնի:

«Կովն էստեղ չի էլ կարող հասնի, որովհետև սահմանապահներ կան կանգնած, բայց եթե հասնի էլ, չի կարող անցնել: Բացառված է»,- ասել էր Փաշինյանը: