Սոչիի դպրոցներում ակտիվորեն ուսումնասիրում են հայոց լեզուն, որոշներում՝ որպես պետական առարկա
07 Սեպտեմբերի 2024, 20:20
Սոչիի Ռուսաստանի հայերի միության աջակցությամբ քաղաքի տարբեր շրջանների դպրոցներում գործում են հայոց լեզվի դասընթացներ։ Սեպտեմբերից Սոչիի կենտրոնական շրջանի թիվ 1 գիմնազիայում մեկնարկում է հայոց լեզվի ուսուցման դասընթաց։ Այս մասին հայտնում է ՌՀՄ-ի Սոչիի մասնաճյուղի տելեգրամյան ալիքը:
Ըստ աղբյուրի՝ Ադլերի շրջանի երեք դպրոցներում դասավանդվում են հայոց լեզու, գրականություն և պատմություն։ Թիվ 31 դպրոցում որպես պետական առարկաներ ուսումնասիրում են հայոց լեզու և գրականություն, ինչպես նաև Հայաստանի պատմություն, որոնց գնահատականները անկացվում են աշակերտների վկայականներում։ Թիվ 29 և թիվ 100 դպրոցներում հայոց լեզվի ուսուցումն իրականացվում է արտադասարանական աշխատանքների մակարդակով։ Լազարևսկի թաղամասում հայերենը որպես ընտրովի առարկա դասավանդվում է թիվ 85 և թիվ 87 դպրոցներում, իսկ թիվ 80 դպրոցում տարրական դասարաններում արտադասարանական աշխատանքների շրջանակներում հայերենի դասընթացներ են անցկացվում։
Բացի այդ, Սոչի քաղաքում հայերեն են սովորում «Արարատ» և «Նազանի» արվեստանոցներում, ինչպես նաև կիրակնօրյա երեք դպրոցներում:
Երեխաներին դասավանդում են հայոց լեզվի և գրականության բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ, որոնք անցել են հայկական սփյուռքի ուսուցիչների համար նախատեսված վերապատրաստման դասընթացները:
Նշվում է նաև, որ Գիտելիքի օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍՆ-ից ստացվել են հայերեն դասագրքեր, մեթոդական և ուսումնական ձեռնարկներ, որոնցով աշակերտները կուսումնասիրեն մայրենի լեզուն, գրականությունը և պատմությունը, ինչպես նաև կծանոթանան Հայաստանի ճարտարապետությանն ու գեղանկարչությանը: