Ի հակառակ Հայաստանի ներքին տրամադրությունների՝ Փաշինյանը ետքայլ չի արել․ Էրդողան
14 Հունիսի 2023, 15:20
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ադրբեջանից Թուրքիա վերադարձի ճանապարհին լրագրողների հետ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններին։
Նա նշել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի խթանումը էական ներդրում կունենա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործում․ «Խաղաղության դռները մի տարածաշրջանում, որտեղ մեծ աղետ է տեղի ունեցել, կիսաբաց են: Ուստի կողմերը չպետք է բաց թողնեն այս շանսը և պիտի գործեն պատասխանատու կերպով»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։
Միաժամանակ, նա «կարևոր քայլ» է անվանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Անկարա․ «Դրական արձագանքելով թուրքական կողմի հրավերին՝ Փաշինյանը հաղթահարեց բազմաթիվ խոչընդոտներ և ընդդիմադիր տրամադրություններ իր երկրում։ Ես արարողության ժամանակ առիթ ունեցա հակիրճ շփվել նրա հետ և իմ երախտագիտությունը հայտնեցի Թուրքիա ժամանելու կապակցությամբ»,- ասել է նախագահը։
Էրդողանը նաև «կարևոր» է անվանել Հայաստանի վարչապետի խոսքերը Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ, այդ թվում՝ Ղարաբաղի․ «Սակայն, ինչպես արդեն ասացի, Հայաստանում բացասական տրամադրություններ կան Փաշինյանի դեմ։ Եվ սա շատ, շատ կարևոր կետ է։ Մինչ այսօր Փաշինյանը ոչ մի ետքայլ չի արել»։
Ըստ Էրդողանի՝ Անկարան կշարունակի սերտ համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ թյուրքական աշխարհի միասնությունն ամրապնդելու համար։