«Կյանքիս կեսից ավելին քայլում եմ նրա հետ, և նա դեռ կարողանում է զարմացնել ինձ». Սաթի Սպիվակովան՝ Վլադիմիր Սպիվակովի մասին

12 Սեպտեմբերի 2024, 17:35

Հայեր

Աշխարհահռչակ դիրիժոր և ջութակահար, մանկավարժ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, նշում է ծննդյան 80-ամյակը: Հայտնի երաժիշտին հոբելյանի առթիվ շնորհավորել է նրա կինը՝ դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովան։

«Լինելով բնությունից շատ պերճախոս՝ միշտ խառնվում եմ, երբ պետք է խոսել ամենամտերիմ, հարազատ մարդու մասին։ Բոլոր բառերը տափակ և կեղծ են թվում: Այդպես էլ այսօր է… ամբողջ գիշեր արթուն մնացի՝ փորձելով ձևակերպել այն, ինչ ուզում եմ ասել։ Օրիգինալ գտնվել չի ստացվի, բայց տափակաբանությունն ատում եմ:

Այսպիսով, ես պարզապես կասեմ՝ իմ հրաշալի ամուսինը, լավագույն ընկերը, սիրելի տղամարդը, մեր գեղեցիկ դուստրերի հայրն այսօր դառնում է 80 տարեկան: Նայելով նրան՝ անհնար է հավատալ: Նրա կյանքի կեսից ավելին ես քայլում եմ իր հետ, և նա դեռ շարունակում է զարմացնել ինձ:

Հնարավո՞ր է մի խոսքով նկարագրել տիեզերքը, որպեսզի մարդիկ հասկանան, թե դա ինչ է: Հազիվ թե։ Անհնար է նաև նկարագրել մեծ երաժիշտին, փիլիսոփային, հումանիստին։ Երջանկություն է, որ այս օրը նա նշում է իր սիրելի ընտանիք հետ՝ առողջ, լի ստեղծագործական ավյունով, եռանդով ու կյանքի հանդեպ ունեցած սիրով։

Այսօր իմ ալիքով հայտարարում եմ Վլադիմիր Սպիվակովի մեծարման օրը»,- սոցցանցում գրել է Սաթին՝ հրապարակելով 1971 թվականի հազվագյուտ ձայնագրություն, որում Վլադիմիր Սպիվակովն ու Բորիս Բեխտերևը կատարում են Հենրիկ Վենյավսկու «Պոլոնեզ»-ը։