ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից կաշառք ստանալու համար

05 Մայիսի 2024, 15:42

Քաղաքականություն

ԱՄՆ Ներկայացուցիչների տան դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելարին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից մոտ 600 հազար դոլար կաշառք ստանալու համար: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով  Տեխասի դաշնային դատարանի մեղադրական եզրակացությունը։

Կուելարին մեղադրում են ադրբեջանական նավթային ընկերությունից և մեքսիկական բանկից վճարումներ ստանալու մեջ: Այնուհետև, ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության, կոնգրեսականն այդ միջոցները լվացել է իր կնոջը՝ Իմելդե Կուելարին պատկանող կեղծ ընկերություններում խորհրդատվական ծառայությունների պայմանագրերի միջոցով:

Արդարադատության նախարարության վարկածով՝ կաշառքի համար կոնգրեսականն իր ազդեցությունն օգտագործել է ԱՄՆ Կոնգրեսում բարձրաստիճան անձանց վրա ՝ ի շահ օտարերկրյա ընկերության և բանկի:

Կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել մասնավորապես կաշառք ստանալու դիմաց դավադրության, օտարերկրյա գործակալի դերում պետական պաշտոնյաների արգելքը խախտելու, փողերի լվացման հոդվածներով։ Մեղավոր ճանաչվելու դեպքում քաղաքական գործչին ու կնոջը սպառնում է տասնյակ տարիների ազատազրկում:

Ամերիկյան լրատվամիջոցների համաձայն՝ զույգը երեկ առաջին անգամ ներկայացել է դատարան, որոշում է կայացվել 100 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակել նրանց։ Կոնգրեսականը երեկ հրապարակած հայտարարությամբ պնդել է՝ անմեղ է թե՛ ինքը, թե՛ իր կինը։