Արամայիս Հարությունով. գյուտարար, որը փոխեց նավթարդյունաբերությունը
21 Հունիսի 2025, 22:00

Գյուտարար Արամայիս Հարությունովը ծնվել է 1893 թ․ հունիսի 21-ին Թիֆլիսում։ Հարությունովի հայրը մարմարե օճառ արտադրող գործարանի սեփականատեր էր։ 1900 թվականին Փարիզում կայացած Համաշխարհային ցուցահանդեսում այդ գործարանում պատրաստված Սուրբ Գևորգ եկեղեցու տեսքով նմուշն արժանացել է ոսկե մեդալի։
Հարությունովը սովորել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, բարձրագույն կրթությունը ստացել է Սանկտ Պետերբուրգի պետական անտառատեխնիկական ինստիտուտում, որն ավարտել է ժամկետից շուտ՝ ընդամենը երեք տարում՝ կենտրոնանալով էլեկտրատեխնիկայի վրա: 1911 թվականին Արամայիս Հարությունովը հիմնել է իր առաջին ընկերությունը՝ «Հարությունովի ռուսական էլեկտրական դինամո ընկերությունը» և զգալի ներդրում ունեցել նավթային պոմպերի արդիացման գործում։
Ավելի ուշ նա տեղափոխվել է ԱՄՆ և «Phillips Petroleum»-ի աջակցությամբ հիմնել «Bart Manufacturing Company» ընկերությունը, որը 1930 թ․ վերանվանվել է «REDA Pump» (REDA՝ «Russian Electrical Dynamo of Arutunoff»): Ընկերությունը երկար տարիներ եղել է նավթի արդյունահանման համար սուզվող պոմպերի շուկայի առաջատարը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ը ԽՍՀՄ-ին մատակարարել է 53 REDA պոմպեր, որոնք հետագայում օգտագործվել են «հակադարձ ինժեներիայի» մեթոդով խորհրդային մոդելներ ստեղծելու համար։ 1949 թ. խորհրդային ինժեներների պատվիրակությունն Ա. Բոգդանովի գլխավորությամբ այցելել է REDA ընկերություն և մանրամասն ուսումնասիրել նրա արտադրանքը։ 1951 թ․ Հարությունովի պոմպերի վրա հիմնված խորհրդային պոմպերը հասցվեցին երկրի նավթահորեր։
Հարությունովը ոչ միայն տաղանդավոր ինժեներ էր, այլև հեռատես հետազոտող։ Նա ապացուցեց, որ էլեկտրականությունը կարող է արդյունավետորեն օգտագործվել տարբեր ոլորտներում, հատկապես նավթարդյունաբերության մեջ: Նրա մշակումները հնարավորություն տվեցին զգալիորեն բարձրացնել հորատման արդյունավետությունը և փոխարինել հնացած մեթոդները։
Ավելի քան 90 արտոնագիր, հազարավոր պոմպեր ԱՄՆ ողջ տարածքում և ճանաչում գիտական շրջանակներում․ այս ամենը նրա նորարարական աշխատանքի արդյունքն են։
Արամայիս Հարությունովը մահացել է 1978 թ․ Բարտլսվիլում՝ թողնելով ժառանգություն, որը փոխեց նավթարդյունաբերության ոլորտը։