Արցախում ադրբեջանական զինուժի կրակոցից զոհվել է Կենտրոնական ռազմական օկրուգի գնդապետ Թագիր-Մուրոդ Կարաևը

21 Սեպտեմբերի 2023, 16:50

Քաղաքականություն

Արցախում զոհված խաղաղապահ Թագիր-Մուրոդ Կարաևը ծնունդով Սվերդլովսկի մարզից էր

Արցախում ադրբեջանական զինուժի կրակոցից զոհվել է Կենտրոնական ռազմական օկրուգի գնդապետ Թագիր-Մուրոդ Կարաևը: Նա ծառայել է խաղաղապահ ուժերում։ Նրա մեքենան այլ ռուս զինվորականների հետ կրակի տակ է ընկել:

«Գնդապետ Թագիր-Մուրոդ Կարաևը ծառայել է ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերում, Կենտրոնական ռազմական օկրուգի 29-րդ բրիգադում։ Ծառայակիցները նրան ուղղակի Մարատ էին անվանում։ Հակամարտության սրման ժամանակ նա հերթափոխողի հետ գնացել է իր ծառայողներին փոխելու։ Այդ ընթացքում էլ նրանց մեքենան կրակի տակ է ընկել», — գրում է URA.RU գործակալությունը:

Տեղեկությունը հաստատել է նաև զինվորական շրջանակների երկրորդ աղբյուրը։

«Այո՛, այսօր առավոտյան իմացանք այդ ողբերգական լուրը։ Կարաևին անձամբ ճանաչում էի, հիանալի մարդ էր, հուսալի ընկեր։ Նա ծագումով Սվերդլովսկի մարզից էր», — հավելել է զինծառայողը։

Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահների խումբը զոհվել էր սեպտեմբերի 20-ին։ Զինծառայողները վերադառնում էին ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետից։ Նրանց մեքենան հայտնվել էր ադրբեջանական զինուժի գնդակոծության տակ Ճանկաթաղ գյուղի շրջանում։