Հայերի ու ադրբեջանցիների միջև ատելությունը չի վերացել, նրանք չեն կարող ընդամենը 50 մետր իրարից հեռու ապրել․ Ռուբեն Մելքոնյան

Հիմա տեղի է ունենում հայ-ադրբեջանական դիվանագիտական ճակատամարտ։ Alpha News-ի ուղիղ եթերում այս մասին ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Ադրբեջանակաթուրքական հաղթարշավը շարունակվում է։ Ադրբեջանական հասարակությունը, շնորհիվ Հայաստանի իշխանությունների, շարունակում է ամենշաբաթյա, ամենամսյա ռեժիմով բերկրանքի նոր պահեր ապրել։ Նաև պաշտոնական Հայաստանի կառավարության այն հաղորդագրությունը, որ Ադրբեջանը ստանում է 2,5 գյուղեր, իսկ Հայաստանը՝ խոստում, արդեն իսկ ցույց է տալիս մեր դիվանագիտության սնանկության մասին։ Մեր բոլոր դիվանագետները, ՀՀ ԱԳՆ-ի բոլոր աշխատակիցները, որոնք այս ամենի ուղիղ կամ անուղղակի մանակիցներն ու պատասխանատուներն են։ Հիմա տեղի է ունենում հայ-ադրբեջանական դիվանագիտական ճակատամարտ, ու այդ ճակատամարտում պարտությունը արձանագրում են նաև դիվանագետները՝ իրենց դիվանագիտական գերագույն գլխավոր հրամանատարի մասնակցությամբ»,- նշել է Ռուբեն Մելքոնյանը։

Թուրքագետը նկատել է, որ Ադրբեջանում հայատյացություն են շարունակում սերմանել հասարակության մեջ․

«Այն բերկրանքը, որ Փաշինյանը փորձում է փոխանցել՝ պետք է ուրախանաք, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, դա իրականում վտանգի սպառնալիքի կանխատեսում է, որովհետև ինչպես կարող է սահմանազատումը թուլացնել անվտանգային ռիսկերը, եթե արված չեն հետևյալ քայլերը․ Ադրբեջանը շարունակում է հայատյացության ռեժիմը բոլոր համակարգերով՝ կրթական, պետական հռետորաբանությամբ և այլն։ Ադրբեջանը շարունակում է դաստիարակել հասարակություն, որ ատում է հայերին ու հայկականը։ Ադրբեջանցի զինվորները, որ կանգնելու են 50 մետր այն կողմ, ունենալու են գայթակղություն՝ մոտակայքում տեսնելու այն հայերին, որ իրենց սովորեցրել են, որ այդ հայերը ոչնչնացման ենթակա են։ Այն հասարակությունն ու պետությունը, որտեղ հայատյացությունը գեներացվում է, չի կարող ներկայացվել որպես անվտանգ, եթե լինի սահմանազատում»,- ասել է մեր զրուցակիցը։

Մելքոնյանի խոսքով՝ հայերի ու ադրբեջանցիների միջև ատելությունը չի վերացել, նրանք չեն կարող ընդամենը 50 մետր իրարից հեռու ապրել․

«Առաջին համաշխարհայինից հետո թուրքերի ու հույների պարագայում, երբ էլի տեղի էր ունենում սահմանազատում, աշխարհը Շվեյցարիայում որոշեց, որ թուրքերն ու հույներն այնքան են ատելությամբ իրար հանդեպ լցրած, որ անհամատեղելի ազգեր են, պետք է որոշակի ժամանակ իրարից հեռու ապրեն, որ հետո կարողանան իրար կողքի ապրել։ Տեղի ունեցավ փոխանակում՝ Թուրքիայում բնակվող հույները տեղափոխվեցին Հունաստան, Հունաստանում բնակվող թուրքերը Թուրքիա գնացին։ Հիմա արդյոք մեր միջև ավարտվել է այդ ատելությունը, արդյոք վերքերը սպիացել են, որ հայերն ու ադրբեջանցիենրը 50 մետր հեռավորության վրա ապրեն խաղաղ ու, ըստ Փաշինյանի, ուրախանան դրանից»,- եզրափակել է Ռուբեն Մելքոնյանը։