Արտեմի Այվազյան․ Հայկական էստրադային երաժշտության հիմնադիրը

26 Հունիսի 2024, 23:32

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հունիսի 26-ին հայ անվանի կոմպոզիտոր, թավջութակահար, խմբավար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արտեմի Այվազյանի ծննդյան օրն է։

Նա ավարտել է Թբիլիսիի կոնսերվատորիան թավջութակի դասարանում, ուսումը շարունակել է Երևանում, ապա Մոսկվայի կոնսերվատորիայում՝ թավջութակի դասարանում։ Եղել է կատարող երաժիշտների համամիութենական մրցույթի դափնեկիր, սակայն կարիերան չի զարգացրել որպես թավջութակահար։

Այվազյանին գրավում էր ջազ երաժշտությունը, սակայն խորհրդային իշխանությունը դեմ էր բուրժուական մշակույթի հետ կապված այս ժանրին։ Չնայած ջազ նվագախմբերի հետապնդումներին՝ Արտեմի Սերգեևիչը հիմնեց պետական ջազային նվագախումբը, ավելին, երաժշտական վիրտուոզին հաջողվեց այս ժանրը պաշտոնական դարձնել:

Արտեմի Այվազյանը հայտնի է դարձել իր «Ջան-Երևան», «Քայլ առաջ իմ քարավան…» երգերի և և ջազային կոլեկտիվի մեծ ժողովրդականությամբ: Սակայն 1956 թվականին Այվազյանը նվագախումբը հանձնել է Կոնստանտին Օրբելյանին։

1943-1945 թվականներին ղեկավարել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնը։ Հեղինակ է «Թափառնիկոս» (բեմ.՝ 1937 թվական), «Պարոն Մինթոևը Փարիզում» (1963 թվական) կոմիկ օպերաների, խորհրդահայ առաջին օպերետների՝ «Ատամնաբույժն արևելյան» (բեմ.՝ 1944 թվական), «Աշուղ Ղարիբ» (բեմ.՝ 1945 թվական), «Սեր աստղերի տակ» (բեմ.’ 1969 թվական), սյուիտների, կոնցերտների, 2 կվարտետի, կինոերաժշտության։

Կոմպոզիտորը նաև երաժշտություն է գրել «Լուսաբացից առաջ», «Ինչու է աղմկում գետը», «Մոր սիրտը», «Ձյունե թագուհին» և «Գայլը և յոթ փոքրիկ այծերը» մուլտֆիլմերի համար։ 1939 թվականին Այվազյանը ստացել է երեք «Պատվո շքանշան»՝ հայ թատերական և երաժշտական արվեստի զարգացման գործում արած անգնահատելի աշխատանքի համար։

Արտեմի Այվազյանը մահացել է 1975 թվականի նոյեմբերի 14-ին։