Արխիվներում հայտնաբերել եմ ռումինահայկական պարբերականներ, որոնց մասին որևէ մեկը չգիտեր. Արզումանյան

30 Մայիսի 2025, 18:30

Կրթություն | Հայեր

Ինքնության պահպանման գործում առաջին տեղում լեզուն է, երկրորդը՝ Հայաստանի հետ կապը: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Բուխարեստում հրատարակվող «Արարատ» ամսագրի խմբագիր, քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Արզումանյանը:

«Իմ գործունեության մեծ մասն ուղղված է հայագիտական նյութերի հայտնաբերմանը, որոնք տասնամյակներով հաստ փոշու տակ գտնվում են ռումինական տարբեր հաստատություններում: Հայագիտական նյութերից մի քանիսը մտադիր եմ ուղարկել Մատենադարան, Ազգային գրադարան: 30-ից ավելի պարբերականներ կան: Անընդհատ այդ թիվն աճում է, քանի որ կան պարբերականներ, որոնց մասին որևէ մեկը չգիտի: Այդ թվում կարող եմ նշել «Արարատ»-ը, «Նոր արշալույս»-ը, «Երկիր»-ը, «Մասիս»-ը և այլն»,-նշել է Արսեն Արզումանյանը:

Նա նաև խոսել է Բուխարեստում անցկացվող «Հայկական փողոց» փառատոնի մասին։

«Տարբեր քաղաքներում հայկական անվանումներով փողոցներ կան: Շրջել եմ տարբեր քաղաքներով, գյուղերով և Ռումինիայի հյուսիս-արևելքում՝ Ուկրաինայի հետ սահմանին, գտել եմ «Ստրադա արմյան» փողոցը, որը ոչ մեծ փողոց էր, և որի մասին բնակիչներից ոչ մեկ տեղյակ չէր: Նման օրինակները շատ են: Վերադառնալով «Հայկական փողոց» փառատոնին, նշեմ, որ այն անցկացվում է 2013 թվականից: Այն շատ հայտնի է Բուխարեստում և սիրված նաև ռումինացիների շրջանում: Փառատոնն անցած տարի մոտ 20 000 այցելու է ունեցել»,-հավելել է Արսեն Արզումանյանը: