Մեր սրտերում միշտ մնալու է Արցախ աշխարհ վերադառնալու տեսիլքը․ Բագրատ Սրբազան

09 Մայիսի 2024, 18:57

Քաղաքականություն

Այս ապօրինի իշխանության պատճառով մեր արցախցի քույրերն ու եղբայրները հայտնվել են Մայր Հայաստանում: Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:

«Ուզում եմ ցավով շնորհակալություն հայտնել մեր արցախցի քույրերին ու եղբայրներին: Ցավով եմ ասում, որովհետև ձեզ պետք է ողջունեին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Բայց այսօր այս ապօրինի իշխանության պատճառով դուք հայտնվել եք Մայր Հայաստանում: Հոգ չէ, մեր գրկում եք։ Մեր սրտերում միշտ մնալու է Արցախ աշխարհ վերադառնալու տեսիլքը»,- նշեց Սրբազանը:

Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ ընթանում է «Հանուն հայրենիքի» շարժման բազմահազարանոց հանրահավաքը։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների երթը դեպի Երևան մեկնարկել է մայիսի 4-ին Տավուշի մարզի սահմանապահ Կիրանց գյուղից, որտեղ Ադրբեջանի հետ սահմանին իրականացվում են սահմանազատման աշխատանքներ։ Օրեր շարունակ սահմանազատման գործընթացն ուղեկցվել է բողոքի ակցիաներով։ Տավուշցիները դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։