«Ազատության» լրագրողի աշխատանքը խոչընդոտելու դեպքով «Ականատես»-ը հաղորդում է ներկայացրել իրավապահներին

19 Մայիսի 2026, 19:02

Քաղաքականություն

«Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվել է լրագրողի աշխատանքի կոպիտ խոչընդոտման և վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման միջադեպ», — ասված է առաքելության հաղորդագրությունում:

«Ականատես»-ը նշում է, որ երբ «Ազատության» լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ Սպիտակի համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանից, թե ինչու է աշխատանքային ժամին ներկա գտնվում իշխող ուժի քարոզարշավին, համայնքապետի տեղակալը հունից դուրս է եկել, հարվածել է տեսախցիկին և հայտարարել․ «Աշխատանքի եմ, բա Հանրապետության վարչապետն է եկել»։ Միջադեպին մասնակցություն է ունեցել նաև Սպիտակի համայնքապետը։

«Ականատես» դիտորդական առաքելությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ բռնության կամ նրանց աշխատանքի խոչընդոտման ցանկացած դրսևորում, ինչպես նաև հիշեցնում, որ ծառայողական պարտականությունները կատարող պաշտոնատար անձանց կողմից աշխատանքային ժամերին նախընտրական քարոզչությանը մասնակցելն օրենքի խախտում է։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Լոռիում Սպիտակի համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանն այսօր՝ մայիսի 19–ին, հունից դուրս է եկել, երբ «Ազատության» լրագրողը փորձում էր ճշտել՝ աշխատանքային ժամին ինչու է նա ներկա իշխող ուժի քարոզարշավին:

Մաթոսյանը հարվածել է տեսախցիկին ու հայտարարել՝ «աշխատանքի է, բա Հանրապետության վարչապետն է եկել»:

Հետ չի մնացել նաև Սպիտակի քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանը՝ ասելով. Էլի եկաք նկարելո՞ւ։ Էս աստիճան երկիրը չսիրող մա՞րդ»։