Բանակցողը նախապես պետք է սահմանի հաջողության հստակ չափանիշներ․ Արթուր Մարտիրոսյան

04 Սեպտեմբերի 2026, 23:30

Կարծիք | Քաղաքականություն

Յուրաքանչյուր բանակցող հանդիպումից առաջ պետք է հստակ սահմանի հաջողության չափանիշներն ու ակնկալվող արդյունքները։ Այս մասին «Alpha News»-ի ուղիղ եթերում ասել է «CMPartners» խորհրդատվական ընկերության ավագ խորհրդատու, բանակցությունների մասնագետ Արթուր Մարտիրոսյանն՝ անդրադառնալով Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը։

Նրա խոսքով՝ հանդիպման արդյունքներից կարելի է եզրակացնել, որ նախապես սահմանված նպատակները լիարժեքորեն չեն իրագործվել, քանի որ որևէ հստակ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, ինչպես նաև չեն ներկայացվել նոր ժամկետներ։

«Բանակցողը չի կարող ասել. «Ես չունեմ այլընտրանք»։ Եթե չունես այլընտրանք, էլ ի՞նչ ես անում, ինչի՞ մասին է զրույցը։ Հիմա ասվում է՝ երբ կունենանք այլընտրանք, այդ ժամանակ էլ այս հարցով կզբաղվենք։

Եթե շատ պարզ լեզվով ասենք՝ մենք ձեր հաշվին ենք սնվելու մինչև այն պահը, երբ որոշենք հեռանալ։ Մյուս կողմից էլ պնդում ենք, որ պետք է գնանք Եվրամիություն։ Եթե մտադիր ես գնալ Եվրամիություն, մի փոքր անարդար չէ՞ ասել, որ մյուս կողմի հաշվին շարունակելու ես շահավետ բաներ ստանալ տնտեսության համար, բայց հետո կարող է հեռանաս»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը։

Խորհրդատուի խոսքով՝ երբ լուրջ այլընտրանք չունես, սկսում ես մյուս կողմին ցույց տալ, որ «քո ամբողջ քայլը բլեֆ էր»։