Բեմի ու էկրանի անմոռանալի վարպետը․ Ռաֆայել Քոթանջյան

09 Սեպտեմբերի 2026, 22:00

Հայեր

Դերասան Ռաֆայել Քոթանջյանը ծնվել է 1942 թվականի սեպտեմբերի 9-ին Թբիլիսիում՝ պաշտոնյայի և բժշկուհու ընտանիքում։ 1946 թվականին ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Հայրը ցանկանում էր, որ նա ճարտարապետ դառնա, իսկ մայրը նրա մեջ սեր է սերմանել արվեստի հանդեպ։

Դպրոցական տարիներին Ռաֆայել Քոթանջյանը կազմակերպել է սիրողական թատերական խմբակ, որտեղ էլ կատարել է իր առաջին դերերը։

1960 թվականին նա ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը և այն ավարտել 1964 թվականին։ Բանակում ծառայելուց հետո Մոսկվայում Անդրեյ Գոնչարովի ղեկավարությամբ անցել է Բարձրագույն ռեժիսորական դասընթացները՝ միաժամանակ ելույթ ունենալով Մայակովսկու անվան թատրոնում։

Դերասանական մասնագիտական ուղին Քոթանջյանը սկսել է Կապանի Շիրվանզադեի անվան պետական թատրոնում, ապա աշխատել երիտասարդական «Արշալույս» թատրոնում։ 1970 թվականին նա դարձել է Հրաչյա Ղափլանյանի անվան Երևանի դրամատիկական թատրոնի հիմնադիր դերասաններից մեկը։ Ավելի քան երկու տասնամյակ նա նվիրված է եղել այս թատրոնին՝ փայլուն դերեր կերտելով «Մերկ թագավորը», «Մոռանալ Հերոստրատին», «Սատանայի ջրաղացը» և այլ ներկայացումներում։ Հետագայում աշխատել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Կինոյում նրա դեբյուտը կայացել է 1968 թվականին՝ «Ադամանդե ձեռքը» հայտնի կատակերգությունում էպիզոդիկ դերով։ Համամիութենական և միջազգային ճանաչում դերասանին բերել են «Տղամարդիկ» (1972), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976), «Երեքի սրտերը» (1992), «Ծովահենների թագավորությունը» (1994), «Կոմսուհի դը Մոնսորո» (1997) ֆիլմերը, ինչպես նաև «Ռոքսոլանա» (1997-1998) հայտնի հեռուստասերիալը, որտեղ խաղացել է Իբրահիմ փաշայի դերը։ Նա նաև խաղացել է «Մեր բակը», «Քաոս» ֆիլմերում։

Բեմում աշխատանքին զուգահեռ՝ Քոթանջյանը նաև դասավանդել է բուհում։ Նա ձգտում էր իր սաներին փոխանցել հին դպրոցի ավանդույթները, որոնք հիմնված էին խոր գիտելիքների և հոգևոր արժեքների վրա՝ երիտասարդներին հեռու պահելով արվեստի մակերեսային ընկալումից։

Մշակույթին երկարամյա ծառայության համար արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի (1980) և ՀՀ ժողովրդական արտիստի (2003) կոչումների, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի շքանշանի (2017), Մովսես Խորենացու մեդալի (2001), «Համագործակցության աստղեր» մրցանակի (2014) և Երևանի պատվավոր քաղաքացու կոչման (2016)։

Ռաֆայել Քոթանջյանը կյանքից հեռացել է 2022 թվականի հունիսի 13-ին Երևանում՝ կյանքի 80-րդ տարում։ Նա իր հետևից թողել է հարուստ ստեղծագործական ժառանգություն և անմոռանալի կերպարներ, որոնք շարունակելու են ապրել հանդիսատեսի հիշողության մեջ։