Բոլորը պետք է հասկանան, որ իրենք պատասխանատու են Արցախում տեղի ունեցողի համար. GG ընկերության հիմնադիր

Բոլորով պետք է կանգնենք արցախահայության կողքին, մարդկանց մոտ պետք է կայծ առաջանա, որ հասկանան՝ իրենք պատասխանատու են այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Արցախում: Alpha News-ի եթերում նման հայտարարություն է արել GG ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը, որը շրջափակումից ի վեր Արցախում է ապրում:

Գրիգորյանը ընկերության թիմը ընդլայնելու նպատակով էր մեկնել Արցախ, երբ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը բնապահպանական խնդիրների կեղծ պատրվակով փակեց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Անցնող 7 ամիսների ընթացքում Հայաստան վերադառնալու շատ հնարավորություններ են եղել, բայց GG ընկերության հիմնադիրը նախընտրել է Արցախում մնալ:

«Արցախը շատ հաճելի վայր է: Սա լավ հնարավորություն էր մոտիկից ծանոթանալ Արցախի մեր հայրենակիցների հետ: Այդ պայմաններում Արցախը լքելը ճիշտ չէի համարում: Բացի այդ՝ մեր ընկերությունն այստեղ թիմ ունի, որն այս ընթացքում ընդլայնել ենք եւ մեծ աշխատանք կատարել: Երկրորդ շաբաթն է՝ վառելիքի բացակայության պատճառով չենք աշխատում, բայց զբաղվում ենք թիմի մեծացմամբ, որը սպասարկում է Հայաստանի մյուս քաղաքները»,- ասել է Խաչատուր Գրիգորյանը:

Գործարարը կարծում է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը իշխանափոխությունն է: Նա վստահ է՝ եթե ամեն մեկը նպաստի, որ այդ փոփոխությունը տեղի ունենա, ապա ելքը դրական կլինի:

«Երբ դու փորձում ես համոզել, որ խնդիրը քեզնից հեռու է, խնդիրը շատ արագ քեզ մոտ է գալիս: Հիմա մենք հնարավորություն ունենք այնպես անել, որ այդ խնդիրը չհասնի մայրաքաղաքին, դրա համար պետք է փոփոխություն լինի: Երկրի ղեկին պետք է մարդիկ լինեն, որոնք կառաջնորդվեն մեր ազգային շահերով, այդ դեպքում Արցախը Հայաստանին կապող միակ ճաանապարհը կբացվի, քանի որ կամք կլինի այդ ճանապարհը վերականգնել: Այս իրավիճակից դուրս գալու ելքը թաքնված է Երեւանում: Այո, փոփոխության երկու հնարավորություն կար՝ ընտրություններն ու «Դիմադրություն» շարժումը, բայց վստահ եմ՝ էլի կլինեն նման հնարավորություններ եւ ամեն մեկս կկարողանանք մեր գործողությունն անել: Հաջորդ անգամ շատ մարդիկ պետք է ցույց տան, որ իրենք հայկական շահի կողմից են ու պատրաստ են որոշակի պատասխանատվություն վերցնել իրենց վրա եւ այս ընթացքը բեկել: Խաղաղության հասնելու համար պետք է ուժեղ լինես, իսկ այս պահին դեռ այդ ուղին չենք բռնել, բայց վստահ եմ, որ կբռնենք»,- ասել է GG ընկերության հիմնադիրը:

Նա կոչ է արել միանալ «Հայաքվե» նախաձեռնությանը, որով առաջարկվում է քրեորեն պատժել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողություններ անելու համար։

«Դա փոքրիկ հաղթանակ կլինի, եթե կյանքի կոչվի, իսկ փոքրիկ հաղթանակներով կշարժվենք դեպի մեծ հաղթանակները»,- ասել է նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչ պետք է անի Սփյուռքը Արցախին օգնելու համար, Գրիգորյանը նշել է, որ սոցցանցերում անդադար պետք է խոսել Արցախի շրջափակման ու պատմել դրա հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին:

«Այստեղ պանիկա ու հուսահատություն չկա, բայց երբ զգում ես, որ Լոս Անջելեսի փողոցներում ցույցեր են, ոգեւորվում ես: Ստացվում է՝ այն պայքարը, որը վարում ես, մենակով չես վարում: Իհարկե, ճանապարհը գուցե չբացվի, բայց դա մարդկանց հաջորդ օրն ուրախ տրամադրությամբ ապրելու հնարավորություն է տալիս, մինչեւ որ կհասնենք մեծ խնդիրների լուծմանը: Աշխարհի հայությունն իր համար թիվ մեկ խնդիր պետք է դարձնի այն, որ մեր երկիրը ծառայի ազգային շահին, իսկ այսօր ծառայում են ուրիշի շահին»,- ասել է Գրիգորյանը:

Նա ընդգծել է, որ մինչեւ Արցախի շրջափակումը, կարծում էր, թե արցախյան հարցը իրեն՝ որպես գործարարի չի առնչվում եւ դրանով պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, մինչդեռ հիմա հասկացել է, որ իրենք նույնպես մեծ անելիք ունեն:

«Ստեղծված իրավիճակի պատճառով շատ մարդիկ սկսել են մտածել, թե իրենք ինչ կարող են անել, որ փոխվի այս ընթացքը: Մեր գործը, որոնք այս խնդրով արդեն տարված են, պետք է լինի այն, որ ավելի շատ մարդ մտածի սրա մասին ու փորձի հասկանալ, թե ինչ պետք է անի: Իհարկե, առաջնորդության խնդիր կա, բայց վստահ եմ՝ այս վակուումում այդ առաջնորդները կառաջանան»,- ասել է Խաչատուր Գրիգորյանը: