Ծաղկաձորը՝ լեռնադահուկային լավագույն հանգստավայրերից

Տեղեկատվական պորտալ Gorsite. ru-ն S7 Airlines-ի հետ խոսել է լեռնադահուկային լավագույն հանգստավայրերի մասին։

Թեղենիս լեռան վրա ծովի մակերևույթից մոտ 1800 մետր բարձրության վրա գտնվող հայկական լեռնադահուկային հանգստավայրը ՝ Ծաղկաձորը, հայտնվել է լավագույն լեռնադահուկային հանգստավայրերի ցանկում:

Նշվում է, որ Ծաղկաձորի տարբեր աստիճանի բարդության և երկարության լեռնադահուկային սահուղիների շնորհիվ այնտեղ հարմարավետ է ինչպես սկսնակների համար, որոնք առաջին անգամ են սնոուբորդ և լեռնադահուկային սպորտով զբաղվում, այնպես էլ օլիմպիական չեմպիոնների համար, որոնք գնում են այնտեղ մարզվելու:

«Ծաղկաձորը հայտնի է իր մեղմ կլիմայով: Չնայած ձյան առատությանը՝ այնտեղ ցերեկային ջերմաստիճանը -2 աստիճանից չի իջնում։ Լանջից կարելի է դիտել անհավանական բնապատկերներ: Այնտեղից պարզկա եղանակին երևում են Սևանա լիճն ու Արարատ լեռը։ Իսկ հանգստավայրում տիրում է հայկական հայտնի հյուրընկալության մթնոլորտն՝ իր ջերմությամբ, տեղի բնակիչների անկեղծությամբ և ազգային համեղ խոհանոցով»,- ասվում է հոդվածում։

Լեռնադահուկային լավագույն հանգստավայրերի ցանկում ներառվել են նաև Մորոզնի լեռան բազան (Պետրոպավլովսկ-Կամչատկա) և Արխիզ հանգստավայրը (Միներալնիե Վոդի):