CSI-ն Հայաստանի իշխանություններին կոչ է անում հարգել Եկեղեցու ինքնավարությունը
29 Սեպտեմբերի 2026, 13:15
Christian Solidarity International (CSI)-ը՝ կրոնական ազատության և մարդու արժանապատվության պաշտպանության ուղղությամբ գործող միջազգային քրիստոնեական իրավապաշտպան կազմակերպությունը, հանդես է եկել ՀՀ կառավարության՝ Եկեղեցում առկա ճգնաժամի վերաբերյալ զեկույցի գնահատականով։
Christian Solidarity International (CSI) կազմակերպությունը ամբողջությամբ մերժում է վարչապետ Փաշինյանի զեկույցը և կոչ է անում նրա կառավարությանը դադարեցնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու նկատմամբ հետապնդումները։
«Հայաստանի կառավարությունը հրապարակել է «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դե ֆակտո ղեկավարի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործողությունների հետևանքով Եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների վերաբերյալ» զեկույցը։
Զեկույցի հեղինակությունը, կիրառված մեթոդաբանությունը և դրա հիմքում ընկած շարժառիթները լրջորեն խաթարում են դրա եզրահանգումների վստահելիությունը։ Զեկույցը նաև հակասում է Եկեղեցու ինքնավարության՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային իրավունքով երաշխավորված, վաղուց հաստատված սկզբունքին։
Զեկույցը հրապարակվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) դեմ պետականորեն հովանավորվող և շարունակական արշավի շրջանակում։ Այդ Եկեղեցին գոյություն ունի ավելի քան 1700 տարի և երկար ժամանակ կանգնած է եղել հայ ժողովրդի պաշտպանության դիրքերում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձգտում է պաշտոնանկ անել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին և Եկեղեցին ենթարկել պետական վերահսկողության․ այս նպատակն, ըստ CSI-ի, նա հետապնդում է ավելի քան մեկ տարի։ Կաթողիկոսին պաշտոնից հեռացնելու ծրագիրը ներառված էր նրա կուսակցության նախընտրական ծրագրում և այժմ ամրագրված է նաև կառավարության ծրագրում։
Զեկույցի հրապարակմանը նախորդել են բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված ձերբակալությունները, Կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների դեմ ներկայացված, ըստ CSI-ի, անհիմն քրեական մեղադրանքները, ինչպես նաև Եկեղեցում պառակտում առաջացնելու նպատակով կառավարության աջակցությամբ իրականացվող քայլերը։ Այս և այլ միջոցները, ըստ կազմակերպության, խախտում են ՀԱՍԵ-ի ինքնավարությունը և հարցականի տակ են դնում Հայաստանի կառավարության հավատարմությունը ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներին։
Զեկույցը անկախ քննության կամ որևէ անաչառ ու դատական գործընթացի արդյունք չէ։ Այն գրվել է վարչապետի անմիջական հանձնարարությամբ՝ նրա աշխատակազմի մամուլի ծառայության կողմից։ Կառավարության մամուլի ծառայությունը չունի աստվածաբանության կամ կանոնական իրավունքի ոլորտում համապատասխան իրավասություն, սակայն դրա հեղինակները ընտրողաբար մեջբերում են եկեղեցական կանոնները և փորձում դատողություններ անել եկեղեցական հարցերի վերաբերյալ։ Որոշ մեղադրանքներ այնքան ծանր են, որ դրանք պետք է քննության ենթարկվեն համապատասխան դատական կամ իրավական ատյանի կողմից, այլ ոչ թե ներկայացվեն կառավարության կողմից հրապարակված քաղաքական փաստաթղթում՝ որպես խտրական արշավի մաս։ Ավելին, ըստ CSI-ի, նման մեղադրանքների հրապարակումը այն պայմաններում, երբ հոգևորականները, այդ թվում՝ Կաթողիկոսը, կանգնած են դատարանի առաջ, լրջորեն վնասում է նրանց արդար դատաքննության իրավունքը և անմեղության կանխավարկածը։
Զեկույցում նշվում է, որ այն հիմնված է «բաց աղբյուրների» վրա։ Գործնականում դա նշանակում է լրատվական կայքեր, YouTube-ի տեսանյութերի հատվածներ և Facebook-ի հրապարակումներ, այդ թվում՝ հենց վարչապետի հրապարակումները։ Այն գրեթե չի ներկայացնում առաջնային ապացույցներ, իսկ բազմաթիվ պնդումներ, ըստ CSI-ի, չհիմնավորված խոսակցություններ, ակնարկներ կամ երրորդ անձանց փոխանցած տեղեկություններ են։ Դրանցից շատերը հնչեցվել են Եկեղեցու կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկված հոգևորականների կողմից, իսկ մի քանիսը՝ Կաթողիկոսի վաղեմի ընդդիմախոսների կողմից։ Այն դեպքերում, երբ Կաթողիկոսը որևէ մեղադրանքի չի պատասխանել, նրա լռությունը ներկայացվում է որպես մեղադրանքի ապացույց։ CSI-ի գնահատմամբ՝ զեկույցի կողմից «ապացուցողական հիմք» ներկայացվող նյութը թույլ է։ Այն կազմվել է՝ հիմնավորելու համար մի եզրահանգում, որն, ըստ կազմակերպության, ընդունվել էր դեռևս զեկույցի պատրաստումից առաջ, և չէր դիմանա որևէ դատարանի կամ իրավական ատյանի մանրակրկիտ քննությանը։
Հայաստանի օրենսդրությունը նույնպես հստակ սահմանում է, որ թեև ՀԱՍԵ-ն ազգային եկեղեցին է, այն ինքնավար և ինքնակառավարվող կառույց է։ Պետությունը որևէ դերակատարում չունի Կաթողիկոսին պաշտոնանկ անելու կամ փոխարինելու հարցում․ այդ գործընթացը ամբողջությամբ կարգավորվում է Եկեղեցու սեփական կանոնական իրավունքով։ Կառավարությունը նույնպես չպետք է նման զեկույցներ շրջանառի՝ իր, ըստ CSI-ի, խտրական արշավին աջակցելու նպատակով։
CSI-ն կոչ է անում Հայաստանի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին պաշտոնից հեռացնելու ծրագրից և հարգել ՀԱՍԵ-ի ինքնավարությունը, ինչպես նաև Հայաստանի միջազգային գործընկերներին՝ ներառյալ Միացյալ Նահանգներին, Եվրոպական միությանը և Եվրոպայի խորհրդին, հիշեցնել վարչապետ Փաշինյանին Հայաստանի՝ մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունների մասին և ճնշում գործադրել նրա կառավարության վրա՝ դադարեցնելու Եկեղեցու ներքին գործերին միջամտությունը»։