Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար

10 Հոկտեմբերի 2026, 16:30

Հայեր

ՀՅԴ թեկնածու Դիանա Վարդանյան-Մարատյանը Լիբանանի կառավարության կողմից նշանակվել է երկրի վիճակագրության կենտրոնական վարչության գլխավոր տնօրենի պաշտոնում։ Այս մասին հայտնել են Լիբանանի ՀՅԴ մամուլի ծառայությունից։

Որոշումն ընդունվել է հոկտեմբերի 8-ին՝ նախագահական պալատում կայացած նիստի ընթացքում։

Վարդանյան-Մարատյանը պետական կառավարման մագիստրոսի աստիճան է ստացել Բեյրութի ամերիկյան համալսարանում։ Նույն համալսարանում նա ստացել է նաև պետական կառավարման բակալավրի աստիճան՝ հոգեբանության լրացուցիչ մասնագիտացմամբ։

Նա միջազգային կազմակերպություններում շուրջ 20 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունի, որից մոտ 15 տարին աշխատել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) լիբանանյան գրասենյակում։ Զբաղվել է պետական ինստիտուտների բարեփոխումների, պատշաճ կառավարման, օրենքի գերակայության, խորհրդարանական զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով։

Հիմա եթերում