Դիզայներ Մարի Հայրապետյանը ներկայացրել է «URMIA» հավաքածուն

23 Հուլիսի 2026, 19:20

Հայեր | Մշակույթ

«Mariko» բրենդի հիմնադիր, դիզայներ Մարի Հայրապետյանը ներկայացրել է «URMIA» հավաքածուն, որը հիմնված է նրա անձնական պատմության և տոհմական արմատների վրա՝ հասնելով մինչև 17-րդ դար։

Հավաքածուի հիմքում պարսկական գորգերի ավանդական զարդանախշերի վերաիմաստավորումն է։ Դիզայների մտահղացմամբ՝ յուրաքանչյուր կերպար հագուստի միջոցով փոխանցում է անձնական և մշակութային հիշողության գաղափարը։

«URMIA»-ն միավորում է մշակութային ժառանգությունն ու ժամանակակից նորաձևության միտումները։ Հավաքածուի առաջին ցուցադրությունը կայացել է «Visa Fashion Week Almaty 2026»-ի շրջանակում, իսկ այժմ այն ներկայացված է Երևանում՝ «Rien-a-Porter» ցուցասրահում։

Մարի Հայրապետյանի ստեղծագործություններում միահյուսվում են Ղազախստանի, որտեղ նա ծնվել է, և Հայաստանի՝ իր ընտանիքի պատմական հայրենիքի մշակութային ազդեցությունները։

Հավաքածուի անվանումը կապված է Ուրմիա քաղաքի հետ, որը տարածաշրջանի հնագույն բնակավայրերից է և պատմականորեն եղել է Մեծ Հայքի կազմում։ Շահ Աբաս 1-ի կազմակերպած բռնի տեղահանություններից հետո հայկական համայնքի մի մասը մնացել է Պարսկաստանում, իսկ նրանց ժառանգները 18-19-րդ դարերում տեղափոխվել են Սյունիք՝ հիմնելով Խնածախ գյուղը, որը դարձել է դիզայների նախնիների տոհմական բնօրրանը։