ԵՄ-ն եռակի ստանդարտներ է դրսևորում Ադրբեջանի հետ գազային գործարքի շուրջ իր քաղաքական ներկայացման մեջ. եվրապատգամավոր

Alpha News-ի հարցազրույցը Եվրոպական խորհրդարանի իսպանացի պատգամավոր Պերնանդո Բարրեն Արզայի հետ:

Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Դեն Յորգենսենը խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսում Alpha News-ի հարցին ի պատասխան փաստացիորեն հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել հետագայում խորացնել հարաբերություններն Ադրբեջանի հետ էներգետիկայի ոլորտում և հաշվի չառնել Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման, Հայաստանի նկատմամբ ագրեսիայի, սեփական ընդդիմության և լրագրողների նկատմամբ բռնաճնշումների փաստը: Սա հատկապես ցինիկ է հնչել Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանի հետ առևտրի ծավալների կրճատման մասին նրա հայտարարության համատեքստում։ Եվրոպական խորհրդարանի բոլոր բանաձևերը՝ սկսած 2018 թվականից, հանձնաժողովին խորհուրդ են տալիս խզել Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում կնքված հուշագիրը, սակայն հանձնաժողովը ճիշտ հակառակն է արել՝ ավելացնելով գազի գնման ծավալները:

Դուք նամակ եք հղել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասին՝ վերջերս Բաքու կատարած նրա այցի արդյունքների վերաբերյալ։ Ի՞նչ պատասխան եք ակնկալում, և ինչ կարող է անել խորհրդարանն այս իրավիճակում։

— Ուզենք, թե չուզենք, եվրոպական ինստիտուտները որոշում են կայացրել էմբարգո սահմանել Ռուսաստանի դեմ, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։ Մենք, որպես խումբ, չենք աջակցել այդ որոշմանը։ Կարծում ենք, որ էմբարգոն և համաշխարհային մասշտաբի նման միջոցառումները չեն նպաստում հակամարտությունների կարգավորմանը։ Սա չի վերաբերում եվրոպական դատարանի կամ այլ ինստիտուտների կողմից հետաքննության կամ հետապնդման տակ գտնվող անհատներին. խոսքը գլոբալ մակարդակի որոշումների մասին է: Այնուամենայնիվ, պատժամիջոցներ են սահմանվել, և Եվրոպան հայտնվել է իր էներգետիկ ռեսուրսների համալրումից սուր կախվածության մեջ: Ուստի որոշում կայացվեց համագործակցել Ադրբեջանի հետ՝ չնայած, որ միևնույն ժամանակ խորհրդարանը հանդես էր գալիս տարբեր բանաձևերով և միջնորդություններով՝ տարբեր առիթներով խիստ քննադատելով Ադրբեջանին: Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի, ինչպես նաև Արցախում տիրող իրավիճակի պատճառով։ Հայաստանի դեմ ագրեսիան և Ադրբեջանի ներսում բռնաճնշումները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Չկան մարդու իրավունքների երաշխիքներ, ԶԼՄ-ների աշխատանքի, դատական համակարգի նկատմամբ վերահսկողության խիստ սահմանափակումներ կան։ Մենք չենք սխալվի, եթե ասենք, որ Ադրբեջանում ավտորիտար համակարգ է գործում։ Հանձնաժողովն, այնուամենայնիվ, որոշել է բիզնես սկսել Ադրբեջանի հետ։ Նույնիսկ քաղաքական գործիչների հայտարարություններում դա հնչում է։ Օրինակ, ինչպես մի քանի շաբաթ առաջ ասել էր Կայա Կալլասը, Ադրբեջանը «լավ գործընկեր է»։ Նա գովել է Ադրբեջանի հետ գործընկերությունը, բայց ես կտրականապես համաձայն չեմ այդ պնդման հետ։ Անձամբ ես երբեք չէի ասի, որ Ադրբեջանը Եվրամիության հուսալի գործընկերն է։ Ավտորիտար ռեժիմը չի կարող լինել Եվրոպայի հուսալի գործընկերը։

Ի՞նչ ազդանշան է դա ուղարկում աշխարհին, Եվրոպային և նրա քաղաքացիներին։ Ակնհայտ է, որ խոսքը երկակի ստանդարտների մասին է։ Ինչպիսի՞ն կլինի նման երկակի ստանդարտների կիրառման արդյունքը։

— Անկեղ կասեմ՝ այստեղ դրանք շատ հստակ են արտահայտվում։ Սա միակ դեպքը չէ: Ես նկատի ունեմ, որ Եվրահանձնաժողովը բավականին հաճախ և լայնորեն կիրառում է երկակի ստանդարտների մոտեցումը տարբեր համաշխարհային հակամարտություններում: Որպես օրինակ կարելի է բերել պաղեստինյան հարցը. նույն երկակի ստանդարտները կիրառվում են Պաղեստինում Իսրայելի ցեղասպանության նկատմամբ։ Նախորդ բարձրագույն ներկայացուցիչը ամեն օր քննադատում էր Իսրայելին Գազա ներխուժելու և պաղեստինցիների դեմ ագրեսիայի համար: Սակայն, մյուս կողմից, հանձնաժողովը պահպանեց Իսրայելի հետ Ասոցացման համաձայնագիրն առանց որևէ փոփոխության՝ չնայած խորհրդարանում հնչող քննադատություններին: Եվ դա սովորական բիզնես է, հասկանում եք: Սա Եվրոպական հանձնաժողովի հիմնական խնդիրներից մեկն է՝ երկակի ստանդարտներ և ընտրովի մոտեցում արտաքին քաղաքական հարցերին։

Մյուս կողմից, ես կասեի, և ցավում եմ դա ասելու համար՝ Եվրախորհրդարանի կարծիքը միշտ չէ, որ հաշվի է առնվում: Ամեն ինչ կախված է նրանից, թե կոնկրետ ինչ բանաձևեր են առաջարկվում։ Ինչ վերաբերում է հայկական հարցերին, այդ թվում՝ Արցախին և գրեթե երկու տարի առաջ Ադրբեջանի ներխուժմանը, այստեղ ամեն ինչ պարզ է։ Չնայած դրան՝ խորհրդարանը մերժեց ներխուժման բուն փաստը և աներկբա հայտարարեց, որ Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ: Սակայն հանձնաժողովը շարունակում է նավթ, գազ և այլ ռեսուրսներ գնել Ադրբեջանից՝ միաժամանակ պնդելով, որ ինքը հուսալի գործընկեր է։ Այս հայտարարության հետ ես չեմ կարող համաձայնել։

Որքանո՞վ է իրականում Եվրոպական միությունը կախված ադրբեջանական նավթից և գազից։ Ի վերջո, կան այլ տարբերակներ, որոնք կարող են օգտագործվել նման կախվածությունը նվազեցնելու համար…

— Ես էներգետիկայի ոլորտի մասնագետ չեմ, բայց, իմ կարծիքով, Ադրբեջանի օգտին ընտրությունը բացատրվում է ոչ միայն քաղաքական պատճառներով։ Կարծում եմ, որ հարցը շահավետ գնային առաջարկների մեջ է, որոնք նրանք ստանում են շուկայում: Ռուսական գազի էմբարգոյի սահմանումից հետո Եվրոպան սկսել է ակտիվորեն հեղուկ գազ ներկրել ԱՄՆ-ից։ Ենթադրում եմ, որ այդ գազը հասցվում է Հարավային Եվրոպա, մասնավորապես՝ Կատալոնիա։ Այնտեղ այն վերամշակվում է, այնուհետև բաշխվում հետագա սպառման համար։ Հավանաբար հենց Կատալոնիայում են գտնվում նավթավերամշակման գործարանները, որտեղ իրականացվում է դրա վերափոխումը:   

Այնուամենայնիվ, կարևոր է հասկանալ, որ նման ներմուծումը շատ ավելի թանկ է, քան սովորական գազի գնումը: Լրացուցիչ ճնշում է գործադրում նաև Արևմտյան Սահարայի և Ալժիրի ճգնաժամը. Ալժիրը մասամբ դադարեցրել է գազի մատակարարումները, որոնք նախկինում ուղարկում էր Եվրոպա: Նա նաև ստիպում է ընկերություններին բարձրացնել գները։ Այսպիսով, կարելի է ասել, որ շուկայում շահավետ առաջարկները քիչ են։ Ադրբեջանը դա շատ լավ հասկանում է, և իր գազը գրավիչ գնով է առաջարկում ԵՄ-ին։ Ուստի, երբ Եվրոպային անհրաժեշտ է գազ, և այն հասանելի է լավ գնով՝ պահպանելով մատակարարման չափանիշները, Ադրբեջանը դառնում է նախընտրելի մատակարար: Եվ այդ պահից նրանք դադարել են քննադատաբար վերաբերվել Ադրբեջանին։

Կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ այս գազի մի մասը կարող է լինել ռուսական ծագման: Ադրբեջանը հաճախ իր գազը արտահանում է Եվրոպա, իսկ ներքին սպառման համար օգտագործում է ռուսականը. արդյունքում գազի ծագումը դառնում է դժվար վերահսկվող:

-Այո, այս դեպքում դրանք եռակի ստանդարտներ են: Մենք գիտենք այդ մասին, բայց դա ամբողջ թատրոնի մի մասն է, որը նրանք ստեղծել են ռուսական էմբարգոյի դեպքում։ Բոլորը գիտեն, որ այն, ինչ նախկինում ուղղակիորեն ներմուծվում էր Ռուսաստան, այժմ գնում է Կենտրոնական Ասիայի այլ հանրապետություններ, իսկ հետո՝ Ռուսաստան։ Բայց էությունն այն է, որ Եվրահանձնաժողովի համար այս դեպքում ավելի կարևոր է «էսթետիկան», քան «էթիկան»: Սա նաև ցույց է տալիս Ռուսաստանի դեմ էմբարգոյի հիմար դրությունը։ Ի վերջո, դա անարդյունավետ է և քաղաքականապես անընդունելի, քանի որ Ռուսաստանի դեմ էմբարգոն պետք է կիրառվեր Պուտինի և նրա ընկերների կողմից ընդունված որոշումներին հակազդելու համար: Բայց այդ մարդիկ միշտ պաշտպանված են այս տեսակի միջոցառումներից: Մարդիկ, որոնք տառապում են նման էմբարգոյից, սովորական մարդիկ են, և այս դեպքում՝ սովորական ռուսաստանցիները: Սա ոչ կենսունակ որոշում է, և դա իրականում գրավիչ չի դարձնում ԵՄ-ին, այդ թվում՝ Հայաստանի և մի շարք այլ երկրների համար:

Ի՞նչ եք կարծում, եվրոպական հասարակական կարծիքը գիտակցո՞ւմ է այս ամբողջ իրավիճակը։

— Նրանք պետք է գիտակցեն դա, քանի որ դա կարևոր է: Եվ դա մեծապես վարկաբեկում է եվրոպական դիրքորոշումը և մարդու իրավունքների պաշտպանության հարցում նրա հիմնարար նպատակների իրականացումը։ Դրանք ոչ թե երկակի, այլ եռակի ստանդարտներ են, և դա արտացոլում է ինչ-որ իմաստով այն խառնաշփոթը, որը մենք աշխարհաքաղաքական տեսանկյունից ունենք Եվրոպայում այս պահին։ Խառնաշփոթը գոյություն ուներ նույնիսկ ուկրաինական ներխուժումից առաջ, և այն էլ ավելի է ուժեղանում այն մոտեցման պատճառով, որը Եվրահանձնաժողովը որոշեց օգտագործել Ուկրաինա ռուսական ներխուժման վերաբերյալ: Եվ հատկապես Թրամփի՝ Սպիտակ տուն մտնելուց հետո։ Ես նկատի ունեմ, որ Եվրոպան ունի շատ լավ գրված ուղեցույց, բայց այդ ուղեցույցը չի կիրառվում առօրյա կյանքում՝ կապված տարբեր հակամարտությունների և իրավիճակների հետ:

Արդյոք դա այն պատճառով է, որ ղեկավարությունը վատն է, թե՞ մարդիկ խորաթափանց չեն։

— Իրականում ղեկավարությունը լավն է, և մարդիկ հիմար չեն: Նրանցից ոմանք, ես կասեի, քաջատեղյակ են փաստերից և տեղի ունեցող իրադարձություններից, հատկապես, եթե նայում ենք «կուլիսների» և դիվանագիտական շրջանակների դիրքերից։ Դա միշտ չէ, որ դառնում է հանրության սեփականությունը, և ես կցանկանայի նշել, որ շատերը պարզապես չգիտեն այդ մանրամասները: Օրինակ՝ Ադրբեջանի և գազի մատակարարման իրավիճակում, վստահ եմ, Եվրահանձնաժողովը հասկանում է, որ առանցքային նպատակը ձմռան համար գազի բավարար ծավալներն ապահովելն է։ Սա է առաջնահերթությունը, քանի որ գազի մատակարարման դադարեցումը լուրջ խնդիր կստեղծի։ Եվ այդ ժամանակ Եվրոպայի քաղաքացիները կսկսեն մտածել՝ ինչո՞ւ է դադարեցվել գազամատակարարումը կամ ինչո՞ւ են ընդհատումներ եղել: Բայց, որպես կանոն, նման որոշումների մեծ մասը կայացվում է կուլիսներում. սա քաղաքական խոհանոց է, և դրա մասին հանրային տիրույթում քիչ բան է հայտնի: Համենայնդեպս, ինչպես ասացի, Եվրոպայի բնակչության մեծ մասը տեղյակ չէ մանրամասներից։

Ինչպե՞ս կգնահատեք Եվրոպայի և ԵՄ-ի դերը Հայաստանում, և ինչպե՞ս են Ադրբեջանին բացահայտ աջակցության համատեքստում կապվում Հայաստանի եվրաինտեգրման ձգտումները։

— Պարադոքս է, բայց վերջին երկու տարիների ընթացքում Եվրախորհրդարանը Հայաստանին սատարող բազմաթիվ բանաձևեր է ընդունել՝ Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի ներխուժման դատապարտում, Բաքվում գտնվող գերիների հետ համերաշխության արտահայտում, մարդու իրավունքների խախտումների դատապարտում, ավտորիտարիզմի մեղադրանքներ։ Եվ մենք դա արել ենք մեկից ավելի անգամ։ Բայց, միևնույն ժամանակ, Եվրոպական միության, Եվրոպական հանձնաժողովի քաղաքական ղեկավարությունը տվյալ դեպքում որևէ ուշադրություն չի դարձնում այդ բանաձևերին։ Կարելի է ասել, որ նրանք խլացրել են Եվրոպայի, եվրոպական քաղաքացիների ձայները։ Այո, նրանք ոչ մի ուշադրություն չեն դարձնում Եվրախորհրդարանի բանաձևերին. հաշվի են առնում միայն այն ժամանակ, երբ դրանք համընկնում են իրենց շահերի կամ շահեկան դիրքորոշման հետ։ Դա անօրինական է, բայց ընկալվում է որպես նորմ: Դուք չեք կարող բողոքել, քանի որ, չնայած խորհրդարանի կարգավիճակին, այն բավականին սահմանափակ լիազորություններ ունի իր որոշումների կատարումն ապահովելու առումով։ Որոշումներն այստեղ կայացվում են, բայց հետո հենց հանձնաժողովն է որոշում՝ այդ որոշումը կյանքի կկոչվի, թե՝ ոչ:

Ի՞նչ կարող է անել խորհրդարանը նման իրավիճակում։

— Չգիտեմ: Բավականին քիչ են բոլոր մեխանիզմները, պրակտիկաներն ու գործիքները, որոնք խորհրդարանը կարող է կիրառել: Ես խոսում եմ այն միջոցների մասին, որոնք արդեն կարելի է ձեռնարկել։ Օրինակ, Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության հարցում խորհրդարանի անդամների ճնշող մեծամասնությունը զբաղեցնում է Հայաստանի կողմը։ Սա կարևոր է և ցույց է տալիս զգալի աջակցություն և հարգանք Հայաստանի նկատմամբ։ Ես կասեի, որ խորհրդարանի քաղաքական խմբերի մեծ մասը և քաղաքական գործիչները քաջատեղյակ են Եվրոպան Հայաստանին կապող պատմական խորությանը:

Եվրոպայում շատերը խոսում են քրիստոնեության պաշտպանության մասին…

Ինձ համար դա այնքան էլ կարևոր չէ, շատ ավելի կարևոր է պատմական խորությունը, որը գալիս է հարյուրամյա վաղեմության ցեղասպանությունից, ինչպես նաեւ հայերի իրավունքը սեփական պետության նկատմամբ, որը պետք է ճանաչվի միջազգային հանրության կողմից: Ժողովրդավարության, ինքնորոշման իրավունքի և Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի համատեքստում։ Կարծում եմ՝ մենք այստեղ բավականին միասնական դիրքորոշում ունենք։ Մենք վերջերս քննարկել ենք Ադրբեջանի հետ համաձայնագիրը խզելու անհրաժեշտությունը, և թեև խորհրդարանը բողոք է հայտնել նման համաձայնագրի վերաբերյալ, հանձնաժողովը, միևնույն է, կնքել է այն: Դա հիասթափություն և քննադատություն է առաջացնում: Մտահոգիչն այն է, որ դա վերաբերում է Ադրբեջանին, որը հանդես է գալիս Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությամբ։

Երկու շաբաթ առաջ Կայա Կալլասն այցելել էր տարածաշրջան, բայց միայն Բաքու։ Նա չմեկնեց Հայաստան: Նույնիսկ չձևացրեց, թե ձգտում է հավասարակշռության։ Եթե նա այցելեր և՛ Երևան, և՛ Բաքու, դա այլ տեսք կունենար։ Գուցե նույնիսկ փոխեր Ալիևի հետ ձեռք բերված գործարքի ընկալումը։ Մենք Կայա Կալլասին պաշտոնական հարցում ենք ուղարկել՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ նա չի այցելել Երևան։ Ինչո՞ւ է ընտրությունը կատարվում միայն մեկ կողմի օգտին: Պատասխան չստացանք։ Մեզ տեղեկացրեցին, որ նամակը դեռ նախապատրաստման փուլում է, և այն Եվրախորհրդարանի անդամների շրջանում կտարածվի ավելի ուշ: