Էմիլ Միրզաբեկյան․ Գիտության ասպարեզում մեծ նվաճումների հասած գիտնականը
12 Դեկտեմբերի 2024, 23:45
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Դեկտեմբերի 12-ը հայ նշանավոր ռադիոֆիզիկոս, ակադեմիկոս Էմիլ Միրզաբեկյանի ծննդյան օրն է:
Միրզաբեկյանը լայնորեն հայտնի էր ինչպես Հայկական ԽՍՀ-ում, այնպես էլ արտերկրում։ Գիտության ասպարեզում Էմիլ Միրզաբեկյանը հասել է բազմաթիվ նվաճումների. նա ՀԽՍՀ-ում նոր գիտական ուղղության` ԳԲՀ (գերբարձր հաճախականության) ռադիոֆիզիկայի հիմնադիրն է, որի շնորհիվ ապահովվեց հանրապետությունում ռադիոարդյունաբերության արագ զարգացումը։
1960 թվականին աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի և Էմիլ Միրզաբեկյանի նախաձեռնությամբ Աշտարակում հիմնադրվել է Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտը, որը բավականին կարճ ժամանակահատվածում դարձել է ռադիոֆիզիկայի, կիսահաղորդչային էլեկտրոնիկայի, ֆոտոէլեկտրոնիկայի, էլեկտրոնային ավտոմատացման ոլորտներում կարևոր, արդիական հետազոտություններ իրականացնող խոշոր գիտական հաստատություն:
Ինստիտուտի մշակումները լայն ճանաչում են ստացել հանրապետությունից դուրս և ընդգրկվել Խորհրդային Միությունում իրականացվող տիեզերական հետազոտությունների ընդհանուր ծրագրում։ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտն իրավամբ համարվում էր ժամանակակից գիտատեխնիկական հեղափոխության էտալոն:
Որպես Հայրենական մեծ պատերազմի մասնակից, մարտական ծառայությունների համար Միրզաբեկյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով։ Երկարատև բեղմնավոր աշխատանքի համար բազմավաստակ գիտնականը պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով, ինչպես նաև նրան շնորհվել է ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործչի կոչում։
Գիտական հանրությունը ճանաչում էր Էմիլ Միրզաբեկյանին որպես մի գիտնականի, որը մեծ ուշադրություն էր դարձնում երիտասարդ գիտնականների պատրաստմանն ու դաստիարակմանը։ Նրա նախաձեռնությամբ և անմիջական մասնակցությամբ Երևանի պետական համալսարանում ստեղծվեց Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը և Երևանի ճարտարապետության և շինարարարության պետական համալսարանում (նախկին Պոլիտեխնիկ) Ռադիոտեխնիկայի ֆակուլտետը։
Էմիլ Միրզաբեկյանը կյանքից հեռացել է 1980 թվականի սեպտեմբերի 16-ին: