Էմիր Կուստուրիցան մեկնաբանել է Սամվել Կարապետյանի շուրջ ծավալված իրադարձությունները
20 Հունիսի 2025, 19:42

Հայ առաքելական եկեղեցուն աջակցելու համար գործարար Սամվել Կարապետյանի դեմ սկսված հետապնդումը Արևմուտքի` հասարակության նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու փորձերի մի մասն է։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ին ասել է աշխարհահռչակ սերբ ռեժիսոր և երաժիշտ Էմիր Կուստուրիցան։
Ըստ նրա՝ Կարապետյանի հետապնդումը Հայ Առաքելական եկեղեցուն աջակցելու համար նման է «Օրուելյան հասարակությանը» բնորոշ սցենարների՝ հսկողության, գրաքննության և այլախոհության ճնշման տարրերով։
«Եթե ինչ-որ մեկը սոցիալական ցանցերում գրում է եկեղեցու հասցեին սպառնալիքների մասին, իսկ մյուսները դրա համար նրան կալանավորում են, ապա դա «Օրուելյան հասարակության» ամենաբարձր մակարդակն է։ Զելենսկին դա անում է Ուկրաինայում: Փորձեցին դա անել Չեռնոգորիայում, բայց ժողովուրդը ոտքի կանգնեց: Իսկ Բելգրադը կարողացավ պաշտպանել եկեղեցին: Հետևապես, մեզ մնում է միայն հավատալ, որ մենք՝ ուղղափառներս, պաշտպանված ենք և փնտրում ենք այդ պաշտպանությունը մեր եղբայրական Ռուսաստանում»,- ասել է Կուստուրիցան։
Հիշեցնենք՝ գործարար Սամվել Կարապետյանը երկու ամսով ձերբակալվել է՝ Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության մասին հայտարարություններ անելուց հետո։