Երբ դուրս եկա նկուղից, իմացա, որ զոհված եղբորս դին մեր մոտակա դիահերձարանում էր. Արցախյան բռնագաղթ. Տաթևիկ Զաքարյան

02 Նոյեմբերի 2023, 22:00

Հայեր

Արցախի պետական համալսարանի իրավագիտության ամբիոնի դասախոս, ստեփանակերտցի Տաթևիկ Զաքարյանը Alpha News-ի հետ զրույցում նկարագրել է այն ամենը, ինչ տեսել է Ստեփանակերտի՝ իր տան պատուհանից։

«Երբ օրը բացվեց, կրակոցների ձայները ավելի ուժեղացան։ Պետք չէր լուրեր կարդալ, որ հասկանայինք՝ ինչ է կատարվում։ Մեզ համար պարզ էր՝ թուրքը Ստեփանակերտում էր, նա մեր տան կողքի փողոցում էր: Որոշեցի նկուղից բարձրանալ, գոնե ձվածեղ պատրաստել երեխայի համար։ Սենյակում էի, երբ կրակոցի ձայները սկսեցին մոտ ու բարձր լսվել։ Որոշեցի նայել ու իմ տան պատուհանից տեսա, թե ինչպես է թուրքը փորձում ոտքերի վրա կանգնած ամենավերջին հային սպանել», — պատմում է Զաքարյանը։

Նա հիշում է՝ 2020 թվականին նույնչափ դժվար էր հեռանալ, դժվար էր հերոս խաղալ, երբ երեխաներ ունես, քանի որ պատասխանատու ես նաև նրանց համար։

«2020-ից հետո էլ վերադարձանք, բայց ինքներս մեզ հարց տալով՝ ճի՞շտ ենք վարվում մեր երեխաների ճակատագրի հետ։ Մենք էլի կվերադառնանք, էլի կապրենք ու կարարենք, բայց եթե թուրքը հեռու լինի մեզնից ու մեր երկրից»,- ասում է Զաքարյանը։

Հիմա եթերում