Երևանից մինչև NASA․ Նաիրա Հովակիմյանի գիտական ուղին

21 Սեպտեմբերի 2026, 22:00

Հայեր

Գիտնական, մաթեմատիկոս Նաիրա Հովակիմյանը ծնվել է 1966 թվականի սեպտեմբերի 21-ին Երևանում։ 1988 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը։ Դեռևս այդ տարիներին նրա գիտական հետաքրքրությունների կենտրոնում էին օպտիմալ կառավարման և դիֆերենցիալ խաղերի խնդիրները։

1988-1992 թթ. սովորել և պաշտպանել է դոկտորական աշխատանք Մոսկվայի Կելդիշի անվան Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտում՝ ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Ուսումն ավարտելուց հետո Նաիրա Հովակիմյանը աշխատել է Եվրոպայի և Միացյալ Նահանգների առաջատար գիտական կենտրոններում՝ Շտուտգարտի համալսարանում, ֆրանսիական INRIA ինստիտուտում և Ջորջիայի տեխնոլոգիական համալսարանում (Georgia Institute of Technology)։ 2003-2008 թվականներին դասավանդել է Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտում և պետական համալսարանում (Virginia Tech), այնուհետև հրավիրվել է Իլինոյսի համալսարանի Ուրբանա-Շամփեյն կամպուս, որտեղ մինչ օրս շարունակում է իր գիտական գործունեությունը։ Այստեղ նա մեխանիկական գիտությունների և ճարտարագիտության պրոֆեսոր է, NASA-ի աջակցությամբ ստեղծված AVIATE կենտրոնի տնօրենը, իսկ նախկինում ղեկավարել է Խելացի ռոբոտաշինության լաբորատորիան։

Հովակիմյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է հարմարվողական կառավարումը, օպտիմալացումը, ինքնավար համակարգերը, մեքենայական ուսուցումը, նեյրոնային ցանցերը և դրանց կիրառությունները ավիացիայի, ռոբոտաշինության, գյուղատնտեսության, էներգետիկայի և կենսաբժշկության ոլորտներում։ Նրա՝ L1 հարմարվողական կառավարման ուղղությամբ կատարած մշակումները կիրառություն են գտել ավիացիոն արդյունաբերության մեջ, իսկ տարեց մարդկանց խնամքին ուղղված ռոբոտաշինական նախագծերը լայն արձագանք են ստացել նաև լրատվամիջոցներում։

Գիտնականն ավելի քան 500 գիտական հրապարակումների, երկու գրքի և մի շարք արտոնագրերի հեղինակ է։ Նրա գիտական նվաճումները գնահատվել են մի շարք հեղինակավոր միջազգային մրցանակներով և պարգևներով, այդ թվում՝ AIAA-ի՝ մեխանիկայի և թռիչքի կառավարման ոլորտում մրցանակով (2011 թ.), Կին ճարտարագետների ընկերության մրցանակով (2015 թ.), IEEE CSS-ի տեխնիկական գերազանցության մրցանակով (2017 թ.) և AIAA Pendray մրցանակով՝ ավիատիեզերական գրականության բնագավառում (2019 թ.)։ 2014 թվականին նա արժանացել է Հումբոլդտի մրցանակին՝ գիտության զարգացման գործում ունեցած ներդրման համար։

Նաիրա Հովակիմյանը առաջատար մասնագիտական մի շարք կազմակերպությունների անդամ է, այդ թվում ՝ IEEE-ի, AIAA-ի, ASME-ի և IFAC-ի։ Նա նաև IntelinAir և Kestrel Robotics ընկերությունների համահիմնադիրն է։ Այդ ընկերությունները գործունեություն են ծավալում տվյալների վերլուծության և ռոբոտաշինության ոլորտներում։ Նրա գիտական և մանկավարժական գործունեությունը գնահատվել է նաև Իլինոյսի համալսարանի կողմից՝ մենթորության և նորարարության ոլորտներում ստացած մի շարք մրցանակներով։

Այսօր Նաիրա Հովակիմյանը շարունակում է զարգացնել ինքնավար համակարգերի և արհեստական բանականության հետազոտությունները՝ մնալով կառավարման գիտության համաշխարհային առաջատարներից։ Նրա գիտական գործունեությունը վկայում է, որ հայկական մաթեմատիկական և ինժեներական դպրոցը կարող է աշխարհին տալ միջազգային մակարդակի գիտնականներ, որոնց գաղափարներն ու նորարարական մշակումները նպաստում են ավիացիայի, ռոբոտաշինության և ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմանն ու ապագայի ձևավորմանը։