Երկակի մոտեցումները կարող են վատթարացնել ՀՀ-ի հարաբերությունները թե՛ Մոսկվայի, թե՛ Բրյուսելի հետ․ Բենիամին Մաթևոսյան

07 Օգոստոսի 2026, 23:00

Կարծիք | Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ գագաթաժողովում քաղաքական «դեժավյու» առաջացրեց․ այն հիշեցնում է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը, սակայն՝ ավելի կոշտ տարբերակով, ինչը, հետևանքների տեսանկյունից, շատ ավելի վատ է լինելու Հայաստանի համար։ Alpha News-ի եթերում նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

Նրա խոսքով՝ նման քաղաքականություն վարելն անհնար է առանց հետևանքների, հատկապես այն պայմաններում, երբ Ռուսաստանն ու Արևմուտքը լարված հակամարտության մեջ են։

«Անհնար է նման քաղաքականություն վարել և հույս ունենալ, թե դա անհետևանք է մնալու՝ հատկապես մի իրավիճակում, երբ Ռուսաստանն Արևմուտքի հետ ակնհայտ պատերազմի մեջ է»,- նշել է Մաթևոսյանը։

Քաղաքագետի գնահատմամբ՝ երկակի մոտեցումները կարող են հանգեցնել նրան, որ Հայաստանը վատթարացնի հարաբերությունները թե՛ Մոսկվայի, թե՛ Բրյուսելի հետ։

Հարցին, թե ինչու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանին ընտրության առաջ կանգնեցնում, Մաթևոսյանը դա պայմանավորել է Ռուսաստան-Արևմուտք խորացող հակամարտությամբ։

«Արևմտյան գործընկերները չեն թաքցնում, որ առաջիկա տարիներին հնարավոր է ուղիղ բախում Ռուսաստանի հետ․ Եվրամիությունում արդեն բացահայտ խոսում են ՌԴ-ի դեմ պատերազմի պատրաստվելու մասին։ Ռուսական կողմն էլ բնական հարց է տալիս․ «Եթե պատրաստվում են պատերազմի, չիմանա՞նք՝ Հայաստանը ո՞ր ճամբարում է լինելու»»,- ասել է նա։

Հիմա եթերում