Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան ՀՀ-ն կներկայացնի Վենետիկի Արդյունաբերական կամուրջում

04 Սեպտեմբերի 2026, 12:46

Մշակույթ

Սեպտեմբերի 4-ից 11-ը Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան (ՖԱՀՖ) կներկայացնի Հայաստանը Վենետիկի 83-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող Վենետիկի Արդյունաբերական կամուրջում։

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան (ՖԱՀՖ) Վենետիկում կներկայացնի իր երկու կարևոր նախաձեռնությունները՝ ՍԻՆԵՄԱ ԱԼՅԱՆՍ ծրագիրը և «ՎԵՐԱ» կինոնախագիծը։

ՍԻՆԵՄԱ ԱԼՅԱՆՍԸ Ֆեդերացիայի հովանու ներքո կինոարդյունաբերության հետ առնչվող ընկերությունների և մասնագետների միասնական ցանց է, որի նպատակն է միջազգային կինոխմբերին Հայաստանի կինոարտադրության էկոհամակարգ մուտքի միասնական կետ առաջարկելն է։ Ալյանսի անդամ ընկերությունների ծառայությունները չեն սահմանափակվում Հայաստանով և ներառում են կինոարտադրության ամբողջ շղթան՝ նկարահանման վայրերի ընտրությունից մինչև հետարտադրություն։ Վենետիկում նախաձեռնությունը կներկայացվի «Վենետիկի Նկարահանման վայրերի շուկա» ծրագրի մասնակիցներին։

«Ողբերգություն, որն աշխարհը նախընտրեց անտեսել» կարգախոսով «ՎԵՐԱ» կինոնախագիծը Էստոնիայի, Հայաստանի, Լեհաստանի, Բելգիայի և ԱՄԷ-ի համատեղ արտադրություն է։ Ֆիլմը ներկայացնում է զուգահեռ զարգացող երկու իրադարձություն, որոնք տեղի են ունենում միաժամանակ՝ Արցախի շրջափակման 207-րդ օրը, Մարտակերտ քաղաքում։ «ՎԵՐԱ» կինոնախագիծն անցել է զարգացման երկար ճանապարհ և այժմ մոտ է նկարահանումների փուլին։ Ֆիլմի ստեղծագործական թիմը կազմված է էստոնացի և հայ մասնագետներից, իսկ հետարտադրության փուլը նախատեսվում է իրականացնել Լեհաստանում՝ լեհ մասնագետների մասնակցությամբ:

Սեպտեմբերի 5-ին ՖԱՀՖ ներկայացուցիչները հրավիրված են Եվրոպական Պրոդյուսերների Ակումբի (EPC) հյուրընկալությանը, որը կազմակերպվում է Եվրոպական Աուդիովիզուալ Ձեռնարկատերերի (EAVE), ACE պրոդյուսերների ակումբի, International Screen և Erich Pommer ինստիտուտների մասնակցությամբ՝ Լիդո կղզու Isola Edipo փառատոնային հարթակում։ Սեպտեմբերի 7-ին ՖԱՀՖ-ը կմասնակցի «Ի՞նչ նորություններ կան Կինոհանձնաժողովների խթանման ծրագրերում» համաժողովին՝ Spazio Incontri սրահում։ Սեպտեմբերի 8-ին ՖԱՀՖ միջազգային կապերի պատասխանատու Անի Գալստյանը հարցազրույց կտա Իտալական FRED (Film Radio Entertainment & Dialogue) մուլտիլեզու ալիքին։

Վենետիկում նախատեսված են նաև ՖԱՀՖ երեք տասնյակ հանդիպումներ միջազգային կինոինդուստրիայի և Ֆիլմերի հանձնաժողովների ներկայացուցիչների հետ։

Վենետիկի աշխատանքների, հանդիպումների, պայմանավորվածությունների և գրանցված արդյունքների մասին ՖԱՀՖ-ը հանդես կգա հաշվետվությամբ՝ աշնանը Երևանում կայանալիք Պլենար ժողովում, ՖԱՀՖ հովանավորի, գործընկերների և անդամների մասնակցությամբ»,- նշված է Ֆեդերացիայի հաղորդագրությունում։

Հիմա եթերում