Գերմանիան 7:1 հաշվով հաղթել է Կյուրասաոյին՝ սկսելով աշխարհի առաջնությունը տպավորիչ հաղթանակով

16 Հունիսի 2026, 21:15

Սպորտ

Ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին տուրում Գերմանիայի հավաքականը տպավորիչ մեկնարկ է գրանցել։ E խմբի շրջանակում կայացած հանդիպման ընթացքում գերմանացիները 7:1 հաշվով վստահ հաղթանակ են տարել Կյուրասաոյի նկատմամբ՝ մրցակցին առավելության հնարավորություն գրեթե չթողնելով։

Հանդիպման ընթացքում Գերմանիան ցուցադրել է արդյունավետ և հարձակողական ֆուտբոլ։ Մրցաշարը խոշոր հաշվով հաղթանակով սկսած գերմանացիները գլխավորել են E խումբը։ Մյուս կողմից՝ Կյուրասաոն, որն առաջին անգամ է մասնակցում աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին, կարողացել է խփել իր պատմության առաջին գոլն այս մրցաշարում, սակայն դա չի փոխել հանդիպման ընդհանուր պատկերը։

Սա Գերմանիայի հավաքականի պատմության մեջ երկրորդ ամենախոշոր հաղթանակն է աշխարհի առաջնություններում։ Անցած անգամ ավելի խոշոր արդյունք գրանցվել էր 2002 թվականին՝ դարձյալ առաջին տուրի խաղում, երբ գերմանացիները 8:0 հաշվով հաղթել էին Սաուդյան Արաբիային։

Նույն խմբի մյուս հանդիպումը՝ Կոտ դ’ Իվուար — Էկվադոր, նախատեսված էր Երևանի ժամանակով ժամը 03:00-ին:

Խաղից հետո Կյուրասաոյի երկրպագուներն ու մասնակիցները կիսվել են իրենց տպավորություններով։ Հարցին, թե ինչ զգացողություններ ունեին, քանի որ բոլորն էլ գիտեին Գերմանիայի ուժի մասին, բայց լավ խաղի հույս ունեին, նրանք պատասխանել են.

«Այո, ցավալի է, որ մենք պարտվեցինք, բայց մենք դեռ մրցաշարում ենք։ Հաջորդ շաբաթ կխաղանք Էկվադորի հետ, և գուցե ամեն ինչ ավելի լավ ընթանա, քան այսօր։ Բայց այսօր մենք խաղացինք աշխարհի քառակի չեմպիոնների հետ, ինչը նշանակում է, որ խաղը շատ դժվար էր։ Սակայն սա Կյուրասաոյի առաջին աշխարհի առաջնությունն է, և մենք ուրախ ենք։ Թեև պարտվեցինք, բայց մեկ գոլ խփեցինք, և դա շատ կարևոր է մեզ համար, մենք տոնում ենք դա»։

Մեկ այլ երկրպագու ավելացրել է՝ ուրախ է, որ այնտեղ էին և լավ ժամանակ անցկացրին։

«Աշխարհի առաջնությունում առաջին անգամ մենք գոնե գոլ խփեցինք, և ես շատ ուրախ եմ դրա համար. մենք արդեն իսկ հաղթողներ ենք»,- հավելել է նա։

Երկրպագուներից մեկը՝ հարցին, թե ինչպես է իրեն զգում, պատասխանել է.

«Ընդհանուր առմամբ՝ հիանալի։ Մենք լավ թիմ ունենք և այս տարի հաղթելու ենք մրցաշարում»։

Աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին խաղի հետ կապված զգացողությունների և պատմական պահի մասին խոսելիս ականատեսներից մեկը նշել է.

«Պետք է խոստովանեմ՝ հիանալի էր, որ կարողացա ինձ հետ բերել իմ փոքրիկին, որպեսզի նա ականատես լինի այս պատմական պահին։ Ամենափոքր երկիրը, որը երբևիցե մասնակցել է աշխարհի ամենախոշոր մարզական իրադարձությանը՝ 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, մասնակցում էր այդ հանդիպմանը, և մենք ականատես եղանք այդ առաջին փուլին։ Չգիտեմ՝ ինչպես նկարագրել այդ զգացողությունը։ Այս ճանապարհորդությունը որոշակի գումար արժեցավ, բայց ստացած փորձառությունն իսկապես անգնահատելի էր»։

Խաղից հետո բոլորն անխտիր փաստում էին, որ ուրախ են այնտեղ գտնվելու համար և լավ ժամանակ են անցկացրել։

«Աշխարհի առաջնությունում առաջին անգամ մենք գոնե գոլ խփեցինք։ Չնայած պարտությանը՝ Կյուրասաոյի համար սա իսկական տոն էր, իսկ Գերմանիային մնում է միայն շնորհավորել վստահ հաղթանակի կապակցությամբ»,- նշել են երկրպագուները։

Հիմա եթերում