Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին անվտանգության որևէ երաշխիք չի տա. Վլադիմիր Կիրեև
12 Փետրվարի 2025, 21:20
Միջազգային եվրասիական շարժման վերլուծական բաժնի ղեկավար Վլադիմիր Կիրեևը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրենքի նախագծին, որն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է ՀՀ Ազգային ժողովը։
Փորձագետի խոսքով՝ այն երկրները, որոնք ավելի վաղ անդամակցում էին ԵՄ-ին, հիասթափվում էին և ակնկալվող արդյունքը չէին ստանում:
«Մեծ ինտեգրացիոն նախագծին միանալու նման քայլը տրամաբանական է թվում, բայց հարցն այն է, թե որքանով է դա արդարացված իրականում։ Մենք գիտենք, որ Եվրամիությունը ստեղծվել է տասնամյակներ շարունակ, իսկ Եվրամիության ստեղծման նախաձեռնող երկրները հարուստ, տնտեսապես զարգացած երկրներ են՝ Նիդեռլանդները, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան։
Ոչ մի տեղ Եվրամիության նոր երկրներում կենսամակարդակը չի բարձրացել այն մակարդակին, ինչ ակնկալում էին։ Նախկին խորհրդային հանրապետությունների մեծ մասի, ինչպես նաև Հարավային Եվրոպայի երկրների համար նման հույսերն անհիմն էին։
Նույնը կարելի է ասել անվտանգության մասին: Եվրամիությունն աշխարհում ոչ մի տեղ չի կարող պաշտպանել իր շահերը, նույնիսկ իր տարածքում։ Եվրամիության երկրներում առկա են մեծ թվով միգրանտներ, որոնք մուտք են գործել նրա տարածք։ Բացի այդ, վերջին 10 տարիների ընթացքում ամբողջ Եվրոպան հայտնվել է թմրասինդիկատների, ստրկավաճառության ցանցերի, տարբեր մաֆիոզ խմբավորումների տիրապետության տակ, որոնք գործնականում ոչնչացրել են մոլորակի՝ անվտանգության բարձր մակարդակով հաջողակ տարածաշրջանի այս պատկերը»,- ասել է Կիրեևը։
Ըստ քաղաքագետի՝ եթե անգամ Հայաստանն ընդունվի ԵՄ, դա նրա կենսամակարդակի ոչ մի բարելավում չի ապահովի և անվտանգության երաշխիքներ չի տա։
«Այն հարցը, թե արդյոք Եվրամիությունը կհակամարտի Թուրքիայի հետ, պարզ է Հունաստանի օրինակից, որտեղ Թուրքիան պարբերաբար ռազմական սադրանքներ է իրականացնում։ Իսկ Թուրքիայի և Հունաստանի ուղղակի պատերազմական վիճակի մեջ մտնելու հարցը բավականին արդիական է։ Թուրքիան մոտ 50 տարի Եվրամիությանն անդամակցելու հերթում է։ Եվրամիությունը զերծ չէ հակամարտություններից նույնիսկ իր սահմանների ներսում։
Եթե ի սկզբանե Եվրամիությունը ստեղծվել է տնտեսական զարգացման նպատակներով, ապա այս պահին այն ավելի շատ առաջնորդվում է աշխարհաքաղաքական դրդապատճառներով, սահմաններն ընդլայնելու մտադրություններով, Ռուսաստանի հետ մրցելու և աշխարհում ազդեցություն ունենալու ցանկությամբ։
Հետևաբար, Հայաստանը կարող է ընդունվել որպես Եվրամիության անդամ, բայց դա նրան չի ապահովի կենսամակարդակի, ներդրումների կամ անվտանգության երաշխիքների որևէ բարձրացում միայն այն պատճառով, որ Եվրամիությունն ի վիճակի չէ դա ապահովել։ Միակ բանը, որ կարող են ստանալ Հայաստանի քաղաքացիներն, առանց վիզայի ռեժիմն է Եվրամիության երկրներ մեկնելիս»,- եզրափակել է Կիրեևը։