Առնո Բաբաջանյան․ Հանճարեղ դաշնակահարն ու կոմպոզիտորը

22 Հունվարի 2025, 23:34

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հունվարի 22-ը հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, Խորհրդային Միության և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է։

Կոմպոզիտորը ծնվել է 1921 թվականին Երևանում։ Առնո Բաբաջանյանի ծննդյան օրը համարվում է հունվարի 22-ը, բայց իրականում մաեստրոն ծնվել է մեկ օր առաջ՝ հունվարի 21-ին։ Բաբաջանյանի հեռատես հայրը նրա ծննդյան վկայականում դարձրել է հունվարի 22, 1924թ-ին Վլադիմիր Լենինի մահվանից հետո, քանի որ հունվարի 21-ը հայտարարվել է ամենամյա սգո օր:

Առնոն ընդամենը 5 տարեկան էր, երբ Արամ Խաչատրյանը, նկատել է նրա տաղանդը։ Հայկական մանկապարտեզ այցելած Խաչատրյանին ապշեցրել է Առնոյի տաղանդը։ Լսելով Առնոյին` Խաչատրյանն արձանագանքել է. «Նա ընտրյալ է»։

Առնոն սովորել է Մ. Գորկու անվան միջնակարգ դպրոցում, միաժամանակ ընդունվել է Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը։ 9 տարեկանում գրել է «Պիոներական մարշը»՝ իր առաջին ստեղծագործությունը։ 12 տարեկանում ստացել է իր առաջին մրցանակը Երիտասարդ երաժիշտների մրցույթում, որտեղ կատարել է Բեթհովենի և Ֆելիքս Մենդելսոնի ստեղծագործությունները։ 1935 թվականին Երևանի կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է կոնսերվատորիայի դաշնամուրի և կոմպոզիցիայի ֆակուլտետներ։

1938 թվականին տեղափոխվել է Մոսկվա և անմիջապես ընդունվել Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանի վերջին կուրս, այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում։

Կոմպոզիտորը գրել է բազմաթիվ հրաշալի ստեղծագործություններ։ Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ։
Նա համագործակցել է բանաստեղծ Ռոբերտ Ռոժդեստվենսկու հետ, որի արդյունքում ծնվել են բազմաթիվ սիրված երգեր՝ «Վերադարձրու ինձ երաժշտությունը», «Գեղեցկության թագուհի», «Ծովն է կանչում», «Քո հետքերը», «Առաջին սիրո երգը», «Ցանկություն պահիր», «Շնորհակալ եմ քեզ» և այլն։

Մեծ հաջողություն են ունեցել նաև Եվգենի Եվտուշենկոյի, Անդրեյ Վոզնեսենսկու, Լեոնիդ Դերբենյովի հետ համահեղինակությամբ գրված երգերը։ Իսկ նրա «Առաջին սիրո երգը» և «Երևանը» ընկալվում են որպես հայրենի քաղաքի օրհներգ։

1970-ականներից կոմպոզիտորը դադարել է ակտիվ ստեղծագործել. Բաբաջանյանի առողջականը վիճակը գնալով վատանում էր։ 1981 թվականին կոմպոզիտորը ներկայացրել է իր վերջին ստեղծագործությունը՝ դաշնամուրի համար գրված «Նոկտյուրն»-ը։ Հաղորդումներից մեկում կոմպոզիտորն այսպես է ներկայացնում այն. «Ես գրել եմ երգեր երգիչների համար, այս անգամ գրել եմ երգ՝ ինքս ինձ համար, «Նոկտյուրն»-ը երգ է առանց բառերի, ես այն կկատարեմ մատներով»։

Միայն Բաբաջանյանի մահից հետո Իոսիֆ Կոբզոնը դիմել է Ռոժդեստվենսկուն, որը «Նոկտյուրն»-ի համար գրում է հիանալի բանաստեղծություն։

Առնո Բաբաջանյանը մահացել է 1983 թվականի նոյեմբերի 11-ին՝ երկարատև հիվանդությունից հետո, աճյունն ամփոփված է Երևանի Թոխմախի գերեզմանատանը։

Մոսկվայում և Երևանում ստեղծվել են «Առնո Բաբաջանյան» հիմնադրամները: 2005 թվականից Երևանի Աբովյան 2 հասցեում գտնվող ֆիլհարմոնիայի դահլիճը կրում է մեծանուն կոմպոզիտորի անունը։ Առնո Բաբաջանյանի անունով Երևանում կոչվել է փողոց, երաժշտական ուսումնարան, իսկ 2003թ. Հայաստանի մայրաքաղաքի հենց սրտում տեղադրվել է կոմպոզիտորի հուշարձանը, որի հեղինակը Դավիթ Բեջանյանն է։

Անգամ Մոսկվայում բնակվելու տարիներին Բաբաջանյանը փորձում էր հաճախ լինել Հայաստանում: Տևական ժամանակով գալիս էր Երևան, հանգստանում և ստեղծագործում էր Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը և հաճախ էր կրկնում.

«Ես բնակվում եմ Մոսկվայում, բայց ապրում եմ Երևանում»: