Հայաստանից տարածքներ կարող է ուզել ցանկացած պետություն, որովհետև չի հանդիպում որևէ դիմադրության․ թուրքագետ

Այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան լիարժեք չեն վերցրել տարածքներ Հայաստանից, դա Իրանի ու Ռուսաստանի գործոնի շնորհիվ է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Այն, որ Թուրքիան ու Ադրբեջանը 2020 թվականից հետո չեն հարձակվել ու լիարժեք չեն վերցրել Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերը, երկու գործոնի շնորհիվ է․ առաջինը՝ իրանական, ապա՝ ռուսական։ Փաստ չէ, որ այս վիճակը միշտ կարող է լինել։ Իրանում կարող է լինել այն, ինչ եղավ 2022թ-ի կամ 2023թ-ի սեպտեմբերին, Իրանը կարող է հայտնվել ծանր իրավիճակում, այնտեղ կարող են լինել, օրինակ, մեծ ցույցեր, չհերիքեն ռեսուրսները, կամ պատկերացնենք՝ մի պահ սկսվի իրանա-իսրայելական պատերազմը։

Դա նշանակում է, որ Իրանի հնարավորությունները սահմանափակ են լինելու։ Հետևաբար, միայն այս պահին ապավինել արտաքին գործոնին և ասել՝ դե Իրանը կպահի մեզ, Իրանը տեր է, պարզ է, որ դա ամեն պահի կարող է փոփոխվել։ Այստեղ, բնականաբար, պետք է հիշել, որ 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո Վայոց Ձորում, Սյունիքում, Գեղարքունիքում Ադրբեջանը նվաճել է առնվազն 300 քկմ տարածք»,- հիշեցրել է թուրքագետը։

Նա ընդգծել է, որ այդ գրավյալ տարածքներն ունեն ռազմավարական նշանակություն։

«Դրանք ուղղակի տարածքներ չեն, ինչպես դե ֆակտո վարչապետն է ներկայացնում, լեռային տարածք չեն, դրանք ռազմավարական նշանակության տարածքներ են, որովհետև դրանց շնորհիվ հիմա Ադրբեջանը վերացնում է շատ մեծ գոտի, որոնցից մի մասը համընկնում է հնարավոր միջանցքների երթուղիների հետ, մասնավորապես՝ Ջերմուկի ու Իշխանասարի հատվածում»,- ասել է Վարուժան Գեղամյանը։

Ըստ թուրքագետի՝ Հայաստանից տարածքներ կարող է ուզել ցանկացած պետություն, որովհետև չի հանդիպում որևէ դիմադրության։

«Երբ երկրները տեսնում են, որ չկա դիմադրություն քեզնից ինչ-որ տարածք խլելու դեպքում, ապա իրենք ներկայացնելու են պահանջներ այնպես, ինչպես հիմա անում է Վրաստանը։ Երկու շաբաթ առաջ վրացական կողմից եկավ լուր, որ կարիք կա Հայաստանի ու Վրաստանի սահմանի ոչ միայն դեմարկացիան անել, որը 30 տարի է՝ արդեն դանդաղ ընթանում է, այլ նորից զբաղվել դելիմիտացիայով։ Այսինքն՝ վրացիները, որ առաջին հայացքից թվում է, թե մենք իրենց հետ չունենք մեծ խնդիրներ, տեսնում են, որ կա հնարավորություն ինչ-որ բան պոկելու, պոկում են։ Պարզ է, որ նույն բանն անելու են նաև այն պետությունները, որ, մեղմ ասած, բարեկամական չեն տրամադրված մեր հանդեպ, իսկ ավելի ճիշտ՝ թշնամաբար են տրամադրված»,- ընդգծել է Գեղամյանը։

Թուրքագետի խոսքով՝ Թուրքիան էլ այժմ ուզում է կրկին փոխել սահմանը Հայաստանի հետ՝ առաջ բերելով Արաքս ու Ախուրյան գետերի հունը փոխելու փաստը։

«2022 թ․ ամռանը Թուրքիայի արդեն նախկին արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր հարցազրույցներից մեկում ասաց՝ բանակցությունների սեղանին են նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանի վերասահմանազատման հարցը։ Բառացիորեն մեջբերում եմ՝ «մեր հայ գործընկերները այս հարցում ևս հետամուտ կլինեն ու այս խնդիրը արագ կլուծեն»։

Թուրքիայի կողմից դա հաստատ դրված է այս պահին բանակցային սեղանի վրա։ Որովհետև երկու հանգամանք կա այստեղ՝ Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը ձևավորվել է 1921թ․ Կարսի պայմանագրի հիման վրա, և պատահական չէ, որ թուրքական կողմը հետևողական է՝ այդ պայմանագիրը պիտի նորից ճանաչենք, թեև փաստացի ճանաչված է։ Վերասահմաանզատման կարիք կա Ախուրյան ու Արաքս գետերի հունով, որովհետև շատ տեղերում գետի հունը փոխվել է՝ ոչ մեր օգտին։ Թուրքիան դա օգտագործում է որպես պատրվակ սահմանը փոփոխելու, մեզնից նոր, ընդ որում՝ ռազմավարական նշանակության տարածքներ վերցնելու համար»,-նշել է թուրքագետը։

Նրա խոսքով՝ այս անգամ թիրախում են լինելու Արմավիրի, Արագածոտնի ու Շիրակի մարզերը։

«Այդ մարզերում, ինչպես դե ֆակտո վարչապետն է ասում, կունենանք ցավոտ կորուստներ։ Կարսի պայմանագրով՝ Նախիջանի Ինքնավար Հանրապետության հետ մեր սահմանի երկայնքով որոշ հատվածներում նախատեսված էին մի քանի տարածքենր ևս փոխանցել Նախիջևանին, այդպես սահմանազատում իրականացնել, որը, բարեբախտաբար, չի եղել, քանի որ խորհրդային հայ ղեկավարները երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դնելով նման քայլի չեն գնացել։ Խոսքը Արարատի ու Վայոց Ձորի մարզերի, մոտավորապես 10 գյուղի մասին է։ Դա հիմնականում ներառում է Խաչիկ գյուղն ու այդ գծի երկայնքով տարածքները։ Խորհրդային տարիներին դա չեն տվել, ասել են՝ չենք տալիս,որովհետև՝ եթե դա էլ տանք, մեր ամենանեղ հատվածը դառնում է խոցելի, էլ իմաստ չկա պետություն պահելու։

Հիմա պարզ է, որ ավարտելով 4+4՝ այսինքն Տավուշի ու Արարատի մարզերի, այսպես կոչվածս անկլավային տարածքները վերցնելը, բանակցային սեղանին դրվելու է հերթական 10 գյուղի մասին զիջման հարցը, որում «իրավական» հիմքը կա։ Պարզ է, որ Տավուշում, Արարատում դիմադրությունը կորցնելուց հետո շատ ավելի բարդ է լինելու հիմա էլ այս նոր պահանջներին դիմադրելը։ Պահանջները անսպառ են ու այդ պահանջների պարագայում՝ ամեն զիջածը բերում է մյուսին դիմադրելու հնարավորությունների խիստ սահմանափակման»,- ասել է թուրքագետը։

Վարուժան Գեղամյանը այս փոսից դուրս գալու միայն մեկ ճանապարհ է տեսնում՝ փոխել այսօրվա իշխանությանը, որ վերջ դրվի կորուստների անվերջ թվացող շղթային։

«Մենք, բառիս բուն իմաստով, այսօր հնարավորություն ունենք կանգնեցնելու այդ մեծ կորուստները, հիմա ոչ թե ասում ենք՝ Տավուշը փրկենք, այլ՝ ընդհանրապես փրկենք մեր պետականությունը, որովհետև հաջորդ կորուստները շատ ավելի ցավոտ են լիենելու։ Եթե այս գործող իշխանությունը մնա, մենք 100 տոկոսով ունենալու ենք պատերազմ, դրանից խուսափելու միակ ձևը իշխանությունը փոխելն է»,- եզրափակել է թուրքագետը։