Հայաստանն ապացուցել է, որ աշխարհագրությունը խոչընդոտ չէ ԵԱՏՄ-ի համար. Բակիտժան Սագինտաև
20 Հունիսի 2025, 16:40

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը մեկնաբանել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքերն այն մասին, որ հանրապետության և Եվրասիական տնտեսական միության այլ երկրների միջև ընդհանուր սահմանի բացակայությունը դժվարություններ է առաջացնում:
«Երբ Հայաստանը միացավ ԵԱՏՄ-ին՝ որպես չորրորդ երկիր, ես հիշում եմ այդ բոլոր խոսակցությունները, որ ընդհանուր սահման չկա, և ինչպես կարող է Հայաստանը ԵԱՏՄ անդամ լինել։ Ապա առաջնորդները քննարկեցին, չվախեցան և որոշում կայացրին, որ Հայաստանը նույնպես միանա մեր միությանը։ Անցել է 10 տարի, և մենք շատ հաջող աշխատում ենք։
Բայց միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ կան որոշ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Եվ հենց այն, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի կազմում է, պետք է ցույց տա մյուս երկրներին, որոնք տարածքային կապ չունեն ԵԱՏՄ-ի հետ, թե ինչպես պետք է լինի և ինչպիսի կանոններ պետք է լինեն։ Եվ հենց Հայաստանի շրջանակներում մենք պետք է ցույց տանք, որ պետք չէ վախենալ ոչնչից: Տեսեք՝ չկա ընդհանուր սահման, բայց մենք հաջողությամբ աշխատում ենք»,- Սանկտ Պետերբուրգի XXVIII միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում անցկացվող «ԵԱՏՄ իրական հատվածի սիներգիան՝ որպես նորագույն ժամանակների մարտահրավերներին պատասխան» նիստում ասել է Սագինտաևը։